Տնտեսություն 

Այն տվեց եզրակացություն անելու հնարավորություն. Բոստանջյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին

analitik.am

Այսօր՝ ապրիլի 22-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին տնտեսությանը վերաբերող հարցեր։

Analitik.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, խոսելով հանդիպման արդյունքների մասին, նշեց, որ քննարկումը գնահատում է դրական, քանի որ բարձրացվեցին ոչ միայն տնտեսության ոլորտին առնչվող, այլ նաև քաղաքական խնդիրներին վերաբերող բազմաթիվ հարցեր, որոնց քննարկման արդյունքում վարչապետը ներկայացրեց Կառավարության դիրքորոշումը. «Խոսվեց այն մասին, որ ռեսուրսների օգտագործման մասով չենք գրանցել հաջողություն, մարդկային կապիտալի առումով ունենք խոցելիություն։ Վարչապետը ընդունում էր այս ամենը և շեշտում, որ երկրում տեղի ունեցող փոփոխությունները բերելու են այդ խնդիրների լուծմանը։ Անկախ այն հանգամանքից, թե որքան սպառիչ կամ ամբողջական էին պատասխանները, հիմնական արդյունքն այն էր, որ այն տվեց եզրակացություն անելու հնարավորություն։ Ներկա գտնվողները հասկանում էին, որ շատ հարցերի սպառիչ պատասխաններ տալ հնարավոր չէ, քանի որ մենք գտնվում ենք փնտրտուքների փուլում և ոչ մի ձգտման միանգամից հնարավոր չէ հասնել: Իմ կարծիքով, նման հանդիպումները երկուստեք դրական է։ Կային հարցեր, որոնք ժամանակի սղության պատճառով չբարձրացվեցին, սակայն եկանք այն եզրակացության, որ նման ձևաչափով հանդիպումներն ու քննարկումները պետք է շարունակական լինեն»։

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ իգական սեռի 22-ամյա ներկայացուցիչը պետք է ունենա 3 տարվա աշխատանքային փորձ և տիրապետի 3 օտար լեզվի պարոն Բոստանջյանը նշեց, որ տարբեր մարդկանց մոտ կատարելության հասնելու տարիքը կարող է 22-ը չլինել, իսկ 22 տարեկանի մասով ասվածը փոխաբերական իմաստով է և հասկանալի. «Խոսքը չի վերաբերում բուն 22 տարեկանին։ Այսօր մենք չունենք նման պայմաններ, եթե այդ պայմանները լինեին, մենք չէինք հանգրվանի այս խնդիրների շարանում»,- ընդգծեց Բոստանջյանը։

Նշենք, որ այսօր ԵՊՀ մասնաշենքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։

Նույն շարքից