Տնտեսություն 

Եթե մենք մտնում ենք այս ամեն ինչի մեջ, լավ կյանքից չէ․ Հայկ Մարության

Մայրաքաղաքի վարչական տարածքում այսուհետ աղբահանության և սանիտարական, ինչպես նաև ձնամաքրման աշխատանքներ կիրականացնի նաև «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը: Որոշման նախագծին հավանություն է տվել ավագանին՝ այսօր կայացած նիստում:

«Մենք գնում ենք նրան, որպեսզի աղբահանության խնդիրը լուծվի: Ցավոք սրտի, երբ մենք եկանք, ավագանու նոր կազմի մասին է խոսքը, Երևանն արդեն իսկ շատ մեծ և լուրջ խնդիրներ ուներ, և դա՝ ի շնորհիվ այն բանի, որ ընդամենը մեկ ընկերություն էր աշխատում մայրաքաղաքում: Մենք ստացել ենք սա որպես ժառանգություն, և սրա լուծումը տալիս ենք: Եվ եթե ինչ-որ մեկը մտածում է, որ մենք պետք է հապճեպ, սխալներ անելով ինչ-որ քայլեր անեինք, ո՛չ, մենք շատ հանգիստ, բոլոր նրբությունները հաշվի առնելով, բոլոր մանրուքները հաշվի առնելով, գնում ենք խնդրի հիմնական լուծմանը»,- ընդգծել է քաղաքապետը:

Այն, որ Երևանում սանմաքրման հիմնական պատասխանատուն՝ «Սանիթեք» ընկերությունն, այսօր փաստացի չի կատարում պայմանագրային պարտավորությունները, փաստում է մայրաքաղաքում աղբահանության կազմակերպման առկա վիճակը: Որոշման նախագիծը ներկայացնող քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը մեկ անգամ ևս տեղեկացրել է, որ Երևան համայնքը թե ֆինանսական, թե իրավական բոլոր պարտավորությունները «Սանիթեք» ընկերության հանդեպ լիովին իրականացնում է:

«Ճիշտ կլինի, որ «Սանիթեք» ընկերությունը ներկայացնի պայմանագրային այն կետերը, որոնք խախտվել են, այլ ոչ թե էմոցիոնալ տարբեր հայտարարություններ անի: Իսկ այս պահի դրությամբ, ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք կազմակերպության կողմից որպես պայմանագրային կետի խախտում, որ համայնքն իրականացրել է, չենք ստացել»,- նշել է Հրաչյա Սարգսյանը:

«Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի ընկերությունը կարողանա ոտքի կանգնել և իր գործունեությունը շարունակել: Առաջինը քաղաքային իշխանություններն են ցանկանում, որ մի ընկերությունը վերցնի իր վրա այս պատասխանատվությունը, կատարի իր աշխատանքը լավ, և մենք զբաղվենք մնացած գործերով: Եվ եթե մենք մտնում ենք այս ամեն ինչի մեջ և փորձում ենք լուծումներ տալ, լավ կյանքից չէ, այն պատճառով է, որ այս ընկերությունը ձախողում է, և մենք ստիպված ենք մտնել այս գործընթացի մեջ»,- ընդգծել է Հայկ Մարությանը:

Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի հարցին, թե ինչո՞ւ սանմաքրման մեքենաների ձեռքբերման համար 900 մլն դրամ գումարը նախատեսված չէր բյուջեով, պարզաբանում է տվել փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

«Մենք նախատեսել էինք 24 մեքենաների գնման գործընթաց ֆինանսական միջոցների բացակայության պարագայում, որը նորմալ ընդունված ընթացակարգ է, և մրցույթի կայանալու դեպքում պայմանագիրը կնքվում է հենց այդ պայմանով, որ գործարքը տեղի կունենա, երբ ֆինանսական միջոցներն առկա լինեն: Իսկ ֆինանսական միջոցների առկայությունն ընդամենը հոդվածափոխության խնդիր էր, որը քաղաքապետի կարգադրությամբ կարող է իրականացվել տարվա ընթացքում՝ ցանկացած պահի»,- ասել է Հայկ Սարգսյանը:

Նոր հիմնարկի ստեղծման ու Երևանում աղբահանության աշխատանքների կազմակերպմանն առնչվող Երևանի ավագանու անդամները տարբեր հարցեր են ուղղել, ներկայացրել նաև իրենց կարծիքներն ու դիրքորոշումները:
Մինչ համայնքային նոր հիմնարկը կանցնի գործի, մայրաքաղաքում աղբահանության կազմակերպման առկա վիճակը հնարավորինս շտկելու նպատակով տեղերում ինքնաթափ մեքենաներ են վարձվել, որոնք հնարավորինս մաքրում են այն աղբը, որը չի հասցնում տեղափոխել «Սանիթեք»-ը:

«Հետագայում մենք միասին կորոշենք՝ Երևանը կմնա՞ որպես օպերատոր, թե՞, այնուամենայնիվ, պետք կլինի նորից մասնավոր բերել: Եվրոպական բոլոր զարգացած երկրները այս պահին գնում են նրան, որ և աղբահանության, և տրանսպորտի պարագայում համայնքը կամ պետությունն իր դերակատարումը, իր մասնաբաժինը պետք է ունենա: Մասնավոր ընկերությունը կարող է մի բան որոշել, կարող են խնդիրներ ունենալ, իրենք այդ պահին մոռանում են, զբաղվում են իրենց ֆինանսական խնդիրներով, բայց համայնքը ոչ մի վայրկյան իրավունք չունի մոռանալու այս խնդիրների մասին»,- ընդգծել է քաղաքապետը:

  • 46
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    48
    Shares

Նույն շարքից