Միջազգային 

Վիեննայում Էրդողանի դեմ ուղղված բողոքի ակցիա է տեղի ունեցել

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում բողոքի ակցիա է տեղի ունեցել Եվրոպաբնակ թուրքերի միության սետղծման 10-ամյա տարելիցի կապակցությամբ այդտեղ ժամանած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփի դեմ: Ինչպես հաղորդում  են թուրքական ԶԼՄ-ները, ակցիան կազմակերպել են Ավստրիայի քրդական կազմակերպությունների ֆեդերացիան (FEY-KOM), ալևիական միությունների ֆեդերացիան և Ավստրիայի հայկական կոմիտեն: Ակցիայի մասնակիցները հավաքվել են Pratern հրապարակում և բոյկոտել Էրդողանի այցը Վիեննա:

 

Ակցիային մեծ թվով ավստրիացիներ են մասնակցել: Մասնակիցները պաստառներ են պարզել, որոնցում Էրդողանը պատկերված է եղել Հիտլերի նման: Ցուցարարները բռնել են նաև Քուրդիստանի աշխատավորական կուսակցության, Ավստրիայի և Հայաստանի դրոշները: Նրանք Pratern հրապարակից քայլերով շարժվել են դեպի Albert Shultz Hall, որտեղ Էրդողանը մասնակցում էր եվրոպացի թուրքերի միության միջոցառմանը:

 

Ուշագրավ է, որ ավստրիաբնակ իր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ Էրդողանն այս անգամ խուսափել է սադրիչ արտահայտություններից, ինչպես դա արել էր Գերմանիայում: Նա եվրոպաբնակ թուրքերին ուղղված իր խոսքում հորդորել է նրանց ինտեգրվել Եվրոպային, սակայն, չձուլվել և պահպանել թուրքական ինքնությունը (Գերմանիայում անցյալ տարի նման մի հանդիպման ժամանակ Էրդողանը թուրքերին հորդորել էր չձուլվելով ինտեգրվել Գերմանիային, բարձր պաշտոններ զաբղեցնել և աշխատել Թուրքիայի օգտին):

 

Էրդողանը հայերանկիցներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել Թուրքիայում տեղի ունենալիք առաջիկա նախագահական ընտրություններին և համոզմունք հայտնել, որ նրանք իրենց ձայները կտան իր գլխավորած` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուին:

 

Էրդողանի Վիեննա կատարելիք այցից առաջ Ավստրիայի 28-ամյա արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կրուզը Osterreich թերթին տված հարցազրույցում բացահայտ կերպով նրան զգուշացրել էր, որ չի կարող մասնատել ավստրիական հասարակությանը և ասել, թե նա ինչպես պետք է խոսի իր հայրենակիցների հետ առաջիկա օրերին Ավստրիա կատարելիք այցի ժամանակ: «Բացահայտ կերպով զգուշացնում եմ Էրդողանին, որ չի կարող մասնատել ավստրիական հասարակությանը: Ինտեգրացիան զգայուն խնդիր է: Սխալ խոսքը մեզ հետ է տանում և թունավորում մթնոլորտը: Էրդողանի պատասխանատվությունը կայանում է նրանում, որ այստեղի թուրքերին խորհուրդ տա սովորել գերմաներեն և հավատարիմ լինել Ավստրիային: Իսկ եթե նա խոսի այնպես, ինչպես Գերմանիայում էր խոսել, դա միայն կվնասի ավստրիաբնակ թուրքերին», -ասել էր նա:

 

Նույն շարքից