Ուկրաինայի տնտեսությունը տարեկան 33 մլրդ դոլար կկորցնի Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումից: Դա երևում է Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի պատվերով պատրաստված զեկույցից:
Փորձագետները նշում են, որ քաղաքական լարվածության սաստկանալու և Կիևի կողմից Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական մասի սպասվող ստորագրման ֆոնի վրա գոյություն ունի այս տարի և մոտակա հեռանկարում իրադրության զարգացման միայն երկու սցենար՝ իներցիոն և բացասական:
Մասնավորապես, Ուկրաինայի տնտեսությունը 1,5-1,6 մլրդ դոլար պակաս կստանա այն բանի պատճառով, որ Ռուսաստանի քաղաքացիները խիստ անկայուն իրադրության պատճառով ավելի քիչ կայցելեն Ուկրաինա: Եվս 2 մլրդ դոլարով կնվազեն ռուսական ներդրումները: Բացի այդ, 2013 թվականի մակարդակի համեմատ գազի արժեքի բարձրացումը Ուկրաինայի վրա կարող է նստել 2,2-3,7 մլրդ դոլար:
Փորձագետները սպասում են նաև այն դրամական միջոցների ծավալի կրճատում, որոնք հայրենիք են ուղարկում Ռուսաստանում աշխատող ուկրաինացի միգրանտները: Ըստ փորձագետների գնահատումների՝ փոխանցվող միջոցները կազմում են 11-13 մլրդ դոլար:
Փորձագետները առավել շոշափելի կորուստ են կանխատեսում Ռուսաստան և Մաքսային միություն ուկրաինական ապրանքների արտահանման նվազումից: Ուկրաինայի համար չափազանց դժվար կլինի գտնել իր արտադրանքի, որի ավելցուկ կա ներքին շուկայում, արտաքին գնորդներ: Այստեղ Ուկրաինայի կորուստները կարող են կազմել 15 մլրդ դոլար: