Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այդ մասին հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:
«Ուկրաինայի արևելքում հակամարտությունը կարգավորելու համար Անգելա Մերկելի և աշխարհի մյուս ղեկավարների անձնական մասնակցությունն ու օգնությունը խիստ կարևոր է»,- հայտարարել է Պորոշենկոն:
Ուկրաինայի նախագահը ԳՖՀ-ի կանցլերին տեղեկացրել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Դոնեցկի և Լուգանսկի մարզերում զինյալների կողմից հրադադարը խախտվել է ավելի քան քսան անգամ:
Իր հերթին Մերկելը հավաստել է աջակցությունը Պորոշենկոյի խաղաղ ծրագրին և պատրաստակամություն է հայտնել առավելագույնս նպաստել բոլոր շահագրգիռ կողմերի երկխոսությանը:
Ինչպես հունիսի 23-ին հաղորդել է Սպիտակ տունը, Պորոշենկոն ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում նույնպես նշել է, որ Ուկրաինայի արևելքում աշխարհազորայինները շարունակում են ռազմական գործողությունները, այդ թվում՝ հրետանու կիրառմամբ:
Պորոշենկոն նշել է, որ աշխարհազորայինները «հրադադարի հայտարարումից հետո շարունակել են գրոհել ուկրաինական ուժերի վրա, այդ թվում՝ հրետանու կիրառմամբ»:
Իր կողմից Բայդենը աջակցություն է հայտնել Պորոշենկոյի խաղաղ ծրագրին և խոստացել է աշխատել G7-ի գծով գործընկերների հետ, որպեսզի նոր տնտեսական պատժամիջոցներ պատրաստվեն Ռուսաստանի դեմ: