Եվրոպայի Խորհուրդը քաղաքական բանտարկյալների հարցով նոր գրոհ է սկսում Ադրբեջանի դեմ, այն էլ` ԵԽ խորհրդարանական վեհաժողովում այդ երկրի նախագահության ժամանակաշրջանում: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
ԵԽԽՎ ամառային նստաշրջանի առաջին լիագումար նիստում այսօր քվեարկության է դրվել «Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների մասին» իռլանդացի պատգամավոր Մայքլ ՄակՆամարայի կողմից պատրաստված սկանդալային բանաձևի նախագիծը: ԵԽԽՎ-ն ձայների մեծամասնությամբ որոշել է փաստաթուղթն ուղարկել մարդու իրավունքների և իրավաբանական հարցերով կոմիտե:
Դրանից անմիջապես հետո ԵԽԽՎ հանձնաժողովը պետք է Ադրբեջանի գծով նշանակի նոր հատուկ զեկուցող, որը կսկսի ուսումնասիրել իրավիճակը և զեկույց ներկայացնի լիագումար նիստի ժամանակ:
Այսպիսով` Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների մասին հարցը կրկին վերադարձել է մեկնարկային կետ, ինչն սպառնում է Ադրբեջանի և Եվրոպայի Խորհրդի փոխհարաբերություններում նոր բարդացումներով, այն էլ` ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահության շրջանում:
Ադրբեջանում քաղաբանտարկյալների առկայության մասին ԵԽԽՎ-ում քաղբանտարկյալների գծով հատուկ զեկուցող, գերմանացի պատգամավոր Շտրասերի զեկույցը 2014 թվականի հունվարին ԵԽԽՎ-ում «խավիարակեր» պատգամավորների կողմից տապալվելուց հետո, Եվրոպայի Խորհրդի խորհրդարանականները մտադիր են կրկին վերադառնալ Ադրբեջանում քաղբանտարկյալների հետ կապված պահանջված հարցին: