Դավիթ Խաժակյանը ճիշտ է նկատել՝ մայրաքաղաքի բյուջեում տեղի է ունեցել հոդվածափոխություն, եւ 236 մլն դրամ է հատկացվել՝ աղբատար մեքենաների հրատապ գնումը կազմակերպելու համար:
Իսկ գումարը վերցվել է նախակրթական հաստատությունների հիմնանորոգման համար նախատեսված գումարից: Բանն այն է, որ հիմնանորոգումների տարեկան ծրագրով նախատեսված մանկապարտեզներից շուրջ 30-ը ֆինանսավորելու է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, այսինքն, Երեւանի բյուջեից խնայված միջոցները տարվա վերջում դառնալու էին տնտեսում: Փոխարենը, դրանք արդեն այս պահին կծառայեն քաղաքին՝ աղբահանության կարեւորագույն խնդիրը լուծելու համար:
Մանկապատեզների հիմնանորոգման համար նախատեսված տարեկան բյուջեն, հիշեցնեմ, մոտ 1.5 միլիարդ էր: Հոդվածափոխության արդյունքում վերանորոգումների ծավալներչեն փոփոխվի՝ կնորոգվի նույքան մանկապարտեզ, որքան նախատեսված էր տարեսկզբին:
Սա սովորական հոդվածափոխություն է, որն արվում է բյուջետային տարվա ընթացքում տասնյակ անգամներ տարբեր հոդվածներով` տնտեսումների առավել արդյունավետ օգտագործման եւ բյուջեի դինամիկության ապահովման նպատակով:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Ավելի վաղ, Երևանի Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ քաղաքապետը ապրիլի 29-ին կրճատել է մանկապարտեզների շենքերի վերանորոգման և հիմնանորոգման բյուջեն 243 մլն դրամով, որից 236 մլն վճարել մեկ անձով ձեռք բերված աղբատար մեքենաների համար։