Միջազգային 

Բրյուսելում մեկնարկում է Եվրամիության գագաթնաժողովը

Բրյուսելում հունիսի 26-ին մեկնարկում է Եվրամիության երկօրյա գագաթնաժողովը, որի ընթացքում կքննարկվեն Ուկրաինայի իրադրությունը և Եվրամիության նոր ղեկավարության նշանակումը: Գագաթնաժողովի գլխավոր աշխատանքային օրը կդառնա հունիսի 27-ը, որը կսկսվի Մոլդովայի և Վրաստանի հետ ասոցացման համաձայնագրերի և Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական բլոկի ստորագրման արարողությամբ:

 

Այնուհետև, արդեն առանց գործընկեր երկրների ղեկավարների, Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը, Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու նպատակահարմարության հարցը, ինչպես նաև Եվրամիությունում զբաղվածության մեծացման և տնտեսական աճի հնարավորությունները: Բացի այդ, ԵՄ-ի ղեկավարները վերջնականապես կհաստատեն 2015 թվականի հունվարի 1-ից Լիտվային եվրոյի գոտում ընդունելու որոշումը:

 

Ինչ վերաբերում է հունիսի 26-ին, ապա, ավանդույթին հակառակ, ԵՄ-ի 28 երկրների ղեկավարները երեկոյան կհավաքվեն ոչ թե Եվրախորհրդի կենտրոնակայանում՝ Բրյուսելի Եվրաթաղամասի «Յուստուս Լիփսիուս» պալատում, այլ Բելգիայի Իպր քաղաքում, որտեղ հիշատակի միջոցառում կանցկացվի առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու 100-ամյա տարեդարձի կապակցությամբ:

 

Գագաթնաժողովի առաջին օրը կավարտվի պետությունների ու կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական ընթրիքով, որը փակ ռեժիմով տեղի կունենա Իպրի քաղաքապետարանում: Դրա ընթացքում կարծարծվեն առաջիկա հինգ տարում, այսինքն՝ նոր գումարման Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի աշխատանքի ժամանակաշրջանում, Եվրամիության գերակայությունները: Սակայն Եվրահանձնաժողովի նոր կազմը դեռ պետք է ձևավորվի, իսկ մինչ այդ ԵՄ-ի ղեկավարները պետք է որոշեն Եվրամիության հանգուցային ղեկավար պաշտոնների թեկնածուներին: Այդ հարցը գլխաավորը կդառնա ներկայիս գագաթնաժողովում, և դրա շուրջ քննարկումները կսկսվեն արդեն այսօր:

Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում Ժոզե Մանուել Բառոզուին՝ 2014-2019 թվականներին ԵՀ-ի ղեկավարին, փոխարինելու գլխավոր հավակնորդը Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան Կլոդ Յունկերն է: Լիսաբոնի 2009 թվականի պայմանագրի համաձայն՝ պետությունների ղեկավարները Եվրահանձնաժողովի նախագահին նշանակելիս «պետք է ուշադրության առնեն Եվրախորհրդարանի արդյունքները»:

 

Յունկերը թեկնածու է նոր գումարման Եվրախորհրդարանի խոշորագույն խմբակցությունից՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունից: Նրա թեկնածությունն ավելի կամ պակաս չափով այսօրվա դրությամբ պաշտպանում են բոլոր պետությունների ղեկավարները, բացառությամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի:

 

Նույն շարքից