Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 26-ին մեկնել Է Բրյուսել, որտեղ վաղը տեղի կունենա Եվրամիութան հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Այդ մասին «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել Է հանրապետության կառավարության վարչակազմի մամուլի ծառայության աշխատակցուհին:
«Արդեն Բրյուսել Է ուղևորվել վրացական պատվիրակությունը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, որը և կստորագրի այդ համաձայնագիրը»,-ասել Է գործակալության զրուցակցուհին:
Վրաստանի վարչապետին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն, եվրոպական ու եվրատլանտյան կառույցներին ինտեգրացման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին և արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին: Վրաստանի նախագահը Բրյուսել չի մեկնի:
ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման մասին համաձայնագիրը նախաստորագրվել Է «Արևելյան գործընկերության» երկրների՝ անցյալ տարվա նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայացած գագաթնաժողովում: Միաժամանակ համանման համաձայնագիր Է նախաստորագրվել Մոլդովայի հետ: Փաստաթղթերի վերջնական ստորագրումը պլանավորվում Էր օգոստոս-սեպտեմբերին, սակայն այնուհետև տեղափոխվել Է ավելի վաղ ժամկետ՝ հունիսի 27-ին:
Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Նինո Կոբախիձեն նախօրյակին հայտնել Է, որ հունիսի 27-ի երեկոյան Թբիլիսիի Եվրոպայի հրապարակում մեծ համերգ կանցկացվի Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման կապակցությամբ: Համերգը, որին կմասնակցեն արտասահմանում աշխատող վրացի աստղերը, ինչպես նաև վրաստանցի Էստրադային կատարողները, կսկսվի ժամը 20:30-ին:
Տոնական միջոցառմանը կմիանան վրացական պատվիրակության անդամները, որոնք մինչև համերգի սկսվելը Բրյուսելից կվերադառնան Վրաստան: Հավաքվածների առջև ելույթ կունենան երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Մենք ցանկանում ենք ամբողջ Վրաստանի հետ կիսել այն ուրախությունը, որը կապված Է Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման հետ»,-հայտարարել Է Կոբախիձեն: