Ուկրաինայի նախագահՊյոտր Պորոշենկոն չի պաշտպանում Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելը: Այդ կարծիքը նա հայտնել է CNN հեռուստաալիքի լրագրողներին տված հարցազրույցում:
«Ինձ համար ատելի է պատժամիջոցները որպես Ռուսաստանին պատժելու միջոց օգտագործելու գաղափարը,- նշել է Պորոշենկոն:- Մեզ հարկավոր է խաղաղություն, մեզ հարկավոր է, որ Ռուսաստանը հետ քաշի իր զորքերը»:
Ուկրաինայի նախագահը նաև հանդես է եկել պնդմամբ, որ երկրի արևելյան մասում աշխարհազորայինների ղեկավարները «Ռուսաստանի քաղաքացիներ են»:
Դրա հետ մեկտեղ Պորոշենկոն ասել է, թե պատրաստ է օգտագործել ցանկացած հնարավորություն, մասնավորապես, փոխգործակցել Ռուսաստանի իշխանությունների հետ Ուկրաինայի իրադրության խաղաղ կարգավորման հասնելու համար: Լրագրողների հարցին, թե նա պատրաստ է արդյոք այդ ուղղությամբ աշխատել Մոսկվայի հետ, Պորոշենկոն պատասխանել է. «Ես պատրաստ եմ խաղաղ համաձայնություն կնքել ում հետ էլ որ լինի»: «Ես ցանկանում եմ խաղաղություն բերել իմ երկրին»,- ընդգծել է նա:
Նա նաև հայտարարել է, որ աշխարհազորայինների հետ բանակցությունները կշարունակվեն հունիսի 27-ին: «Ես լավատեսորեն եմ տրամադրված և կարծում եմ, որ մի քանի շաբաթվա, գուցեև ամիսների ընթացքում, մենք կարող ենք համաձայնություն կնքել, որը թույլ կտա հասնել խաղաղության»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը:
Նա նաև անհրաժեշտ է համարում վերականգնել վստահության հարաբերությունները Մոսկվայի և Կիևի միջև: «Ռուսաստանը մեր հարևանն է և երկարաժամկետ հեռանկարում խոսել Ուկրաինայի անվտանգության մասին առանց Ռուսաստանի մասնակցության պարզապես անհնարին կլիներ»,- ասել է նախագահը լրագրողներին:
«Մեզ հարկավոր է վերականգնել հարաբերությունները: Դրանք նախ և առաջ պետք է հիմնված լինեն վստահության վրա: Ներկայում դրանցում շատ մեծ է անվստահությունը,- նշել է Պորոշենկոն:- Գուցեև ամբողջ աշխարհի հետ միասին մենք կկարողանանք ստեղծել անվտանգության նոր համակարգ»:
Ավելի վաղ Պորոշենկոն ելույթ է ունեցել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների առջև և շարադրել իր քաղաքական ծրագրի հիմնական կետերը: Մասնավորապես, նա հայտարարել է, որ պատրաստվում է հնարավորինս շուտ ստորագրել Եվրամիության հետ ասոցացման մասին պայմանագիրը և հույս է հայտնել, որ իր երկիրը կանդամակցի Եվրամիությանը, և Եվրոպական երկրների հետ կհաստատվի անայցագիր ռեժիմ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: