Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը նոտա է հղել Ուկրաինային՝ կապված այդ երկրի արևելյան շրջաններ մարդասիրական օգնություն հասցնելու հետ: Նոտայում ասվում է, որ կապված Լուգանսկի և Դոնեցկի բազմաթիվ բնակիչների՝ իրենց մարդասիրական օգնություն ուղարկելու դիմումների հետ՝ ռուսական կողմը պատրաստել է նշված շրջաններ մարդասիրական օգնության համար անհրաժեշտ սնունդ և անձնական օգտագործման պարագաներ, որոնց ընդհանուր քաշը կազմում է 60 տոննա:
Ակնկալվում է, որ բեռնատար ավտոմենքները Դոնեցկ և Լուգանսկ կշարժվեն արդեն հունիսի 28-ին: ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ հնարավոր է՝ մարդասիրական օգնություն ուղարկվի նաև Ուկրաինայի այլ շրջաններ, որտեղ փախստականներ կան:
ՌԴ ԱԳՆ-ն դիմել է Ուկրաինային` մարդասիրական օգնության ակցիային օժանդակելու, ինչպես նաև ավտոշարասյան երթուղին որոշելու և Ուկրաինայի տարածքում շարասյունն ուղեկցելու խնդրանքով:
Նոտայում հույս է հայտնվում, որ մարդասիրական օգնությունը կթեթևացնի իրադրությունը նշված տարածքների բնակչության և փախստականների վիճակը, ինչպես նաև կնպաստի ապագայում վերջիններիս թվի նվազմանը: