Միջազգային 

Արևելյան գործընկերության երկրները կսկսեն տարածաշրջանային համագործակցության ծրագրերը

Արևելյան գործընկերության անդամ երկրների ներկայացուցիչները հուլիսի 4-ին կհանդիպեն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում և կհայտարարեն տարածաշրջանային համագործակցության դրամաշնորհային ծրագրերի մեկնարկի մասին:  «Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության ծրագրերի բացում» խորագրով միջազգային համաժողովը տեղի կունենա Թբիլիսիի «Մարիոթ» հյուրանոցում:

 

Նշվում է, որ Արև ելյան գործընկերության անդամ երկրների կենտրոնական և տարածաշրջանային  իշխանությունների ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներն առաջին անգամ կհանդիպեն՝ քննարկելու Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության ծրագրերի հեռանկարները, նպատակները, ինստիտուցիոնալ և կառավարման մեխանիզմները:

 

Համաժողովի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի Տարածաշրջանային համագործակցության ծրագրերի՝ տարածաշրջանի զարգացման վրա հնարավոր ազդեցությունը: Համաժողովը հրաշալի հնարավորություն կստեղծի հետագա համագործակցության և կապերի ընդլայնման համար՝ տարածաշրջանի զարգացման խնդիրները լուծելու համար միասնական լուծումներ գտնելու հարցում:

 

ԵՄ Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային համագործակցության ծրագրի նպատակն է բարենպաստ պայմաններ ստեղծել  Ադրբեջան-Վրաստան-Հայաստան, Հայաստան-Վրաստան, Բելառուս-Ուկրաինա, Ուկրաինա-Մոլդովա տարածաշրջանային համագործակցության համար՝ հաշվի առնելով յուրաքանչյուր տարածաշրջանի առանձնահատկությունները: Նպատակն է նաև ամրապնդել  տեղական և տարածաշրջանային մարմինների, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների համագործակցության հեռանկարները տարածաշրջանային համագործակցության շրջանակներում իրականացվող համատեղ ծրագրերի մշակման և իրականացման ճանապարհով:

 

Եվրոպական Միությունը նշված ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է 12.5 միլիոն եվրո: Արևելյան գործընկերության ծրագիրը ԵՄ նախաձեռնությունն է, որի նպատակն է ամրապնդել ԵՄ-ի և նրա արևելյան հարևանների կապերը՝ քաղաքական համագործակցության և տնտեսական ինտեգրման ճանապարհով: Արևելյան գործընկերության ծրագրի մեջ մտնում է 6 երկիր՝ Հայաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Վրաստան, Բելառուս և Մոլդովա:

 

Նույն շարքից