Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան լուծարել է Սիրիական ազատ բանակի ռազմական խորհուրդը և հետաքննություն է սկսել դրա կոռուպցիոն գործունեության վերաբերյալ: Այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Սառա Հարքուրը՝ ավելացնելով, որ այժմ զինված ընդդիմության գործողություններով զբաղվում է ընդդիմադիր կոալիցիայի պաշտպանության նախարարությունը:
Մամուլի քարտուղարը նշել է, որ խորհրդի լուծարման մասին որոշում ընդունել է կոալիցիայի ղեկավար Ահմադ ալ Ջարբան: Ռազմական ղեկավարության անդամները մեղադրվում են կոռուպցիայի և միջոցների սխալ տնօրինման մեջ: Նրանց գործունեությունը կուսումնասիրվի համապատասխան մարմինների կողմից:
Կոալիցիան հունիսի 27-ին կքննարկի Ազատ բանակի նոր ղեկավարություն կազմավորելու վերաբերյալ հարցեր:
Սիրիայի ազատ բանակն այդ երկրում ապստամբների ամենամեծ խմաբավորումներից մեկն է, որը 3 տարուց ավելի պայքարում է Բաշար ալ Ասադի իշխանության դեմ: Ազատ բանակը ստեղծվել է 2011թ.-ի հուլիսի 29-ին, երբ խմբավորման ղեկավար Ռիյադ ալ Ասադը սիրիական բանակի զինվորներին կոչ էր արել անցնել իրենց կողմը: