Միջազգային 

Սիրիայում և Իրաքում կռված եվրոպացիները սպառնում են ԱՄՆ-ի անվտանգությանը. Օբամա

Եվրամիության երկրների այն քաղաքացիները, ովքեր Սիրիայում և Իրաքում մասնակցել են մարտական գործողություններին, սպառնալիք են ներկայացնում ԱՄն-ի անվտանգությանը, քանի որ կարող են երկիր մուտք գործել առանց այցագիր ստանալու: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:


«Մենք գիտենք, որ եվրոպացիներից ոմանք գնում են Սիրիա և այնտեղ մասնակցում մարտական գործողություններին: Այժմ նրանք կարող են այդ նպատակով գնալ նաև Իրաք: Այնուհետև նրանք վերադառնում են իրենց երկրներ: Քանի որ նրանք ունեն եվրոպական անձնագրեր, նրանց այցագրեր հարկավոր չեն ԱՄՆ մուտք գործելու համար»,- ասել է Օբաման ABC ալիքին տված հարցազրույցում:


Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ամերիկյան հետախուզությունը վերջին մի քանի տարվա ընթացքում հատուկ ուշադրություն է դարձնում այդօրինակ սպառնալիքներին: «Մեզ հարկավոր է ուժեղացնել աշխատանքն այդ ուղղությամբ: Դրանում կարևոր դեր կհատկացվի հատուկ նշանակության զորքերին»,- նշել է Օբաման:


ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գնահատմամբ՝ Բաշար Ասադի վարչակարգի դեմ կռվող սիրիացի զինյալների թվում կան շուրջ 9 հազար օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում՝ մի քանի հազար եվրոպացիներ: «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում, որը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում կարողացել է վերահսկողություն հաստատել Իրաքի հյուսիսի մի շարք տարածքների նկատմամբ, գործում են արևմտյան երկրների անձնագրեր ունեցող շուրջ երկու հազար զինյալներ:

 

Նույն շարքից