Մայիսի 4-ին Արարատի մարզում կայացավ «Իմ քայլը հանուն Արարատի» ներդրումային համաժողովը, որին մասնակցում էր նաև երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համաժողովին ներկայացել էին մարզում ձեռնարկատիրությամբ զբաղվող մեծ ու միջին բիզնեսի ներկայացուցիչները:
Analitik.am-ի հետ զրույցում «Արփի» բնական չրերի արտադրության ԱՁ հիմնադիր Աննա Ասատրյանը նշեց, որ գոհ է իր ձեռնարկատիրական գործունեությունից․ «Երեք տարի է, ինչ զբաղվում եմ ձեռնարկատիրական գործունեությամբ, բիզնեսը սկսել եմ զրոյից՝ սեփական այգու բերքով»,- նշում է Աննան։
Տիկին Ասատրյանն, առնչվելով իրացման խնդրին, որոշել է այլնտրանքային լուծում գտնել՝ և՛ իր, և՛ համայնքի համար․ «Բիզնեսի նպատակն է օգնել գյուղացուն՝ իրացման շուրջ առաջացած խնդրին որոշակիորեն լուծում տալու համար»։
Աննա Ասատրյանը 2017 թ-ին մասնակցել է ՀԲԸՄ-ի կողմից կազմակերպված «Կանանց հզորացում» մրցութային ծրագրին, ստացել է դրամաշնորհ, որով էլ գնել է մրգի չորացման սարք։ Գնված սարքը նպաստել է ավելի շատ քանակի մրգեր չորացնելուն․ «Եթե կարողանամ արտադրամասը մեծացնել և կառուցել մրգի և պատրաստի չրի համար նախատեսված սառնարան, ապա կկրկնապատկվի արտադրության ծավալները»,-նշեց Աննան։
Տիկին Աննան արտադրանքը սպառում է տեղում, սակայն, ինչպես նշում է, եղել են նաև անհատներ, որոնք որոշակի քանակ երկրից դուրս են տարել։
Նա ունի նաև այլ նպատակներ․ «Ուզում եմ նոր մշակույթ տարածել ժողովրդի շրջանում, հյուր գնալիս նվեր տանել մեր բնական, առանց հավելումների և կոնսերվանտների արտադրանքը, գեղեցիկ փայտե փաթեթավորմամբ, որը ավելի շատ հուշանվերի տեսք ունի: Սիրում եմ իմ գործը, այն ինձ ստեղծագործելու լայն հնարավորություն է տալիս մրգերի աշխարհում»:
Նշենք, որ այս տարի Ասատրյանը սկսել է նաև զբոսաշրջիկների համար կազմակերպել չրի և չրային ուտեստների վարպետության դասեր՝ դրանով նպաստելով գյուղում տուրիզմի զարգացմանը:
Այս ամենով չի ավարտվում Աննայի գործունեությունը համայնքում, արդեն գրանցել է «Համայնքի ապավեն» կանանց և երիտասարդների աջակցման կենտրոն հասարակական կազմակերպությունը, որը զբաղվելու է հիմնականում կանանց և երիտասարդների զբաղվածության և կրթության հարցերով, արդեն սկսվել է դասընթացների շարքը:
Աննա Ասատրյանը տեղեկացրեց, որ բաց է համագործակցության և ներդրումային առաջարկների համար և սիրով կհամագործակցի:

