Միջազգային 

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը երկու բալիստիկ հրթիռ ունի

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը, որը նոր տարածքներ է գրավել Իրաքում, հայտարարել է այն մասին, որ իր տրամադրության տակ երկու բալիստիկ հրթիռ ունի. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ Al-Arabiya հեռուստաընկերության հղումով։

Խմբավորման անդամները համացանցում լուսանկարներ և տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես Սիրիայի Ռաքքա քաղաքի հրապարակում Р-17 (ՆԱՏՕ-ի չափանիշներով Scud) հրթիռ է անցնում՝ ռուսական արտադրության բեռնատարի վրա։ Հայտնի չէ, թե այն արդյոք իրական վտանգ ներկայացնում է։
 

Զինյալները նաև լուսանկար են տեղադրել, որոնցում, ինչպես նրանք են պնդում, Մոսուլում իրաքյան բանակից գրավված ամերիկյան երեք M198 հաուբիցներ են երևում։

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը, որը վերջին շրջանում կռվում էր Սիրիայում, գրավել էր Իրաքի արևմուտքում գտնվող որոշ շրջաններ։
 

Խմբավորմանը միացել են նաև Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնի բանակի նախկին զինծառայողներն ու այլ ահաբեկչական խմբեր։

Հունիսի 29-ին խմբավորումը հայտարարել էր Սիրիայի և Իրաքի գրավյալ տարածքներում խալիֆայություն ստեղծելու մասին, և ողջ աշխարհի ջիհադականներին հրավիրել էր իրեն հավատարմության երդում տալու։

Նույն շարքից