Միջազգային 

Ներկայում տասն ամերիկացիներից միայն երեքն են այն կարծիքին, որ ԱՄՆ-ը գերազանցում է բոլոր երկրներին

Այն ամերիկացիների թիվը, ովքեր վստահ են մյուս երկրների նկատմամբ ԱՄՆ-ի գերազանցությանը, 2011 թվականից կրճատվել է 10 տոկոսով և կազմում է 28 տոկոս: Այդ մասին  վկայում են ԱՄՆ-ի ազգային տոնի՝ Անկախության օրվա նախաշեմին անցկացված հետազոտության տվյալները, որոնք հրապարակել է Pew Research Center-ը:

 

Կատարված հարցման համաձայն՝ ներկայում տասն ամերիկացիներից միայն երեքն են այն կարծիքին, որ ԱՄՆ-ը «գերազանցում է բոլոր երկրներին»: 2011 թվականին այդպես էր պատասխանում բնակչության 38 տոկոսը: Հետազոտության հեղինակները հայտարարում են, որ այդ միտումը դիտվում է քաղաքական ու կրոնական տարբեր հայացքներ ունեցող մարդկանց մոտ՝ անկախ տարիքից և ազգային պատկանելությունից, բայց առավել ցայտուն է արտահայտված Հանրապետական կուսակցության կողմնակիցների շրջանում. նրանց միայն 15 տոկոսն է վստահ, որ ԱՄՆ-ը ավելի լավն է մյուս երկրներից:

 

ԱՄՆ-ի համաշխարհային գերիշխանության հարցում առավել թերահավատ են 18-ից մինչև 29 տարեկան երիտասարդ քաղաքացիները. նրանց միայն 15 տոկոսն է ԱՄՆ-ը լավագույն երկիրը համարում աշխարհում: Միևնույն ժամանակ նրանց 40 տոկոսը, ովքեր 65-ից բարձր տարիքի են, ԱՄՆ-ն բարձր են դասում մյուս պետություններից: Այն ամերիկացիների թիվը, ովքեր ԱՄՆ-ը համարում են «աշխարհի լավագույն երկրներից մեկը» վերջին երեք տարվա ընթացքում ավելացել է 5 տոկոսով՝ մինչև 58 տոկոս: 12 տոկոս է կազմում նրանց թվաքանակը, ովքեր ընդունում են, որ «կան երկրներ, որոնք ավելի լավն են ԱՄՆ-ից», ինչը 4 տոկոսով ավելի է, քան 2011 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից