Միջազգային 

Ջեն Պսակին` հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության մասին

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Պսակին` պատասխանելով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության, ինչպես նաև պաշտոնական Բաքվից Հայաստանի հասցեին արվող ռազմատենչ հայտարարություններին վերաբերող հարցին ասել է, որ Միացյալ Նահանգները` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում հակամարտող երկու կողմերին աջակցելու իր հանձնառությանը:



 

«Մենք մեծապես հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հնարավորինս շուտ կընդունեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Փարիզում հանդիպում անցկացնելու հրավերը, և որ նրանք կհամաձայնեն իրականացնել կառուցվածքային բանակցություններ, որոնք կտանեն խաղաղ համաձայնության կնքմանը: Մենք կոչ ենք անում երկու կողմերին էլ կրկնապատկել իրենց ջանքերը բանակցային սեղանի շուրջ և կենտրոնանալ այն օգուտների վրա, որոնք խաղաղությունը կբերի տարածաշրջանում բնակվող ժողովուրդներին»,- հայտարարել է Պսակին: Պետքարտուղարության խոսնակը հավելել է, որ սադրիչ հռետորաբանությունը և հայտարարությունները հակասում են լարվածությունը թուլացնելու սկզբունքներին և վնասում խաղաղության գործընթացին: Ուստիև Պսակին մեկ անգամ ևս կոչ է արել կրկնապատկել ջանքերը խաղաղության հասնելու համար:

Նույն շարքից