Ինչպես խոստացվել է, ճանապարհաշինության ոլորտում շատ կարևոր գործընթացներ պետք է սկսեն մայիսի 15-ից: Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հույս ունեմ՝ լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքները կսկսվեն, և կառավարության կառուցվածքի փոփոխությունը որևէ կերպ այդ աշխատանքի վրա չպետք է ազդի: Մենք պետք է պայմանավորվենք, որ այն պատմությունը, որ ունեցել ենք Ոսկեպար-Նոյեմբերյանի հատվածում, մենք այս տարի այդ պատմությունը չպետք է ունենանք: Ես նույնիսկ մտածում եմ, որ մենք պետք է հիմա մտածենք օրենսդրական փոփոխություններ անելու ուղղությամբ, որ եթե որևէ մեկն իր պայմանագրային պարտավորությունները դիտավորյալ կերպով չի կատարում, իսկ դա ակնհայտ է, եթե որևէ մեկն անորակ ճանապարհ է կառուցում, ինքը գիտի, որ անորակ ճանապարհ է կառուցում, պետք է մտածել, թե այստեղ պետությունն իր շահերը պաշտպանելու ինչ հավելյալ մեխանիզմներ կարող է ունենալ՝ ընդհուպ քրեական պատասխանատվություն նախատեսելը, որովհետև մենք չենք կարող այդպիսի ճոխություն թույլ տալ, որպեսզի նույն գործը մի քանի անգամ անենք, ինչքան էլ զուտ գնային առումով մենք գումարները չենք վճարում, եթե անորակ է կատարվել աշխատանքը»,-նշել է վարչապետը: