Միջազգային 

Օլանդը և Մերկելը Պորոշենկոյին հորդորել են իրագործել հուլիսի 2-ի համաձայնությունը

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հուլիսի 4-ին հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Այդ մասին ասված Է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ:

 

 

«Օլանդը և Մերկելը հորդորել են իրագործել համաձայնությունը,  որը հուլիսի 2-ին ձեռք Է բերվել Ֆրանսիայի, Գերմանիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների՝ Բեռլինում կայացած հանդիպման ընթացքում, որպեսզի փորձեն ապահովել երկարաժամկետ զինադադարը»,-գրված Է Ֆրանսիայի նախագահի վարչակազմի հայտարարության մեջ:

 

 

Պորոշենկոյի հետ շփվելու ընթացքում Օլանդը և Մերկելը կրկին ընդգծել են մինչև հուլիսի 5-ը շփման խմբի հանդիպում կազմակերպելու կարևորությունը զինադադարի մասին համաձայնության պայմաններն ընդունելու նպատակով և նշել են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղղակի շփումները կարող են օգտակար լինել:

 

 

Ինչպես արդեն հաղորդվել Է, հուլիսի 3-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հերթական հեռախոսազրույցն են անցկացրել Ուկրաինայի իրադրության շուրջ: 

 

 

Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները կոչ են արել Մոսկվային՝ օժանդակել շփման խմբի հանդիպման կազմակերպմանը, որի ընթացքում պետք Է որոշվեն զինդադարի պայմանները: Ֆրանսիայի նախագահի վարչակազմի հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում նաև խնդրանք Է հայտնվել ՌԴ-ին՝ «որպես միջնորդ հանդես գալու» աշխարհազորայինների հետ հանդիպումներում և նրանց դրդել նստելու բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնության հասնելու Ուկրաինայի իշխանությունների հետ:

 

 

Հուլիսի 2-ին Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները երկժամյա բանակցություններ են վարել Բեռլինում. դրանց հիմնական արդյունքը դարձել Է համատեղ հռչակագրի մշակումը, որում կողմերը հավաստել են Ուկրաինայում խաղաղության հասնելու պարտավորությունը: Հռչակագիրը նպատակամղված Է Ուկրաինայում կայուն հրադադարի հասնելուն: Դրա համար գլխավոր մեխանիզմ պետք Է դառնա շփման խմբի աշխատանքը, որը պետք Է վերսկսվի հուլիսի 5-ից ոչ ուշ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից