Աղբի պրոբլեմը Հայաստանում ամենամեծ պրոբլեմն է։ Այստեղ ելույթ ունեցող ընկերներից մեկն ասում էր, որ ճանապարհների կողքը մաքուր է, ես ճիշտն ասած զարմացա, որովհետև ես դեռ այդպիսի ճանապարհներ չեմ տեսել: Առաջ էլ էր սարսափելի, հիմա էլ է սարսափելի։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին Գեղարքունիքի մարզում՝ «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովին ելույթի ժամանակ խոսելով աղբահանության մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ աղբի խնդիրը լուծելու համար պետք է պարբերաբար շաբաթօրյակներ անցկացնել և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է լուրջ աշխատեն, բայց դրա համար կա շատ ավելի լուրջ նախապայման․ «Հայաստանի Հանրապետությունում պետք է ծխող և ծխախոտը գետնին քցող մարդ չլինի, ջուրը խմող և ջրի շիշը նետող քաղաքացի չլինի, պաղպաղակ ուտող և թուղթը նետող չլինի»։
Վարչապետի խոսքերով աղբի ամենամեծ կենտրոններն այնտեղ են, որտեղ բոլորս ընտանիքներով գնում ենք հանգստանալու, հաց ուտելու և ինչ ենք թողնում մեր հետևից․ «Ես նաև իմացա, որ աշխարհում կան քաղաքներ, որտեղ աղբամաններն ընդհանրապես հանում են, աղբաման գոյություն չունի այդ քաղաքում, որովհետև ասում են՝ աղբը մենք ենք չէ՞ ստեղծում և ամեն մեկս կարող ենք մեր աղբը մեր գրպանում կամ պայուսակի մեջ պահել և տանել քցել համապատասխան տեղ, օրինակ կոնկրետ վայրերում»։
Փաշինյանը նշեց, որ եթե կարողանանք Հայաստանն աղբից և հին ավտոմեքենաների կուզովներից ազատել, ուրեմն նա կհամարի, որ Հայաստանում հեղափոխությունը հասել է կոնկրետ իր նպատակներից մեկին․ «Այնպես թանկարժեք էլ պահում ենք այդ ժանգոտած բաները։ Հիմա շատ լավ է, որ տնտեսվարողների հետ պայմանավորվածություն ունենք, Հայաստանից մետաղյա արտահանման տուրքերը կհանենք, եթե իրենք պարտավորվեն այդ մեքենաների թափքերը, թափոնները հավաքել և վերամշակել»։