Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը արգելել է զինծառայության մեջ գտնվող զինվորներին կրոնական պահք պահել: Ավելի վաղ ադրբեջանական բանակի զինվորներին արգելվել էր նաև նամազ անել: Այս մասին հայտնում է minval.az լրատվական կայքը:
Նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն հանձնարարել է մահմեդական Ռամազան ամսին զորամասերում արգելել զինվորներին պահք պահել: Փաստը հաստատել են մի քանի օր առաջ ադրբեջանական բանակից զորացրված զինվորները:
Նրանց խոսքով` զորմասերի հրամանատրները հավաքել են պահք պահել ցանկացած զինվորներին և հանձնարարել զինծառայության ընթացքում չպահպանել կրոնական պաշտամունքները:
«Մեր որոշ ընկերներ փորձել են պահք պահել, բայց նրանց դա անել թույլ չեն տվել զորամասերի և ջոկատների հրամանատարները: Նրանց հայտարարել են, որ Նախարարությունը նամազ անելն ու պահքն արգելող հատուկ հանձնարարական է տվել»,- նշել են զորացրված զինծառայողները:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը:
Ադրբեջանական կայքը նշում է, որ ավելի վաղ հաղորդվել էր զորամասերում նամազն արգելվելու մասին, և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում այդ առնչությամբ պատասխանել էին, որ «Զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն` կրոնական համոզմունքները զ.ինծառայողներին չեն ազատում զինծառայության պարտավորություններից: