Միջազգային 

Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է հայ-թուրքական սահմանի բացման մասին թուրքական մամուլում շրջանառվող լուրերը

analitik.am

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է երեկ թուրքական մամուլը ողողած լուրն այն մասին, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հանձնարարել է բացել հայ-թուրքական սահմանի Ալիջանի անցակետը:

 

Արտգործնախարարության խոսնակը հայտնել է, որ հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը:

 

Նա նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը 1993 թվականին փակվել է իբր «ադրբեջանական հողերի գրավման պատճառով»: «Սահմանի բացումը կարող է օրակարգ գալ միայն Հարավային Կովկասում համապարփակ և շարունակական նորմալացման համար հնարավորություն ապահովող զարգացումների շրջանակում: Այդ հարցում որոշիչ է լինելու Հայաստանի կողմից բոլոր հարևանների հետ խնդիրները լուծելու կամքի դրսևորումը և այդ ուղղությամբ քայլեր կատարելը», -ասել է թուրք խոսնակը:

 

Թուրքական «Թարաֆ» թերթը երեկ հայտնել էր, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը ապրիլի 23-ին հայերին հղած «ցավակցական» ուղերձից հետո, որպես Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու «երկրորդ քայլ», հանձնարարել է բացել Հայաստանի հետ սահմանային Ալիջանի անցակետը: «Թեև հստակեցված չէ սահմանի պաշտոնական բացման ժամանակացույցը, սակայն, կուլիսներում խոսակցություններ կան, որ հավանաբար այն կբացվի սեպտեմբերին», -գրել էր թերթը:

 

Թուրքական թերթի այդ տեղեկատվությունը հիստերիայի հերթական ալիքն է բարձրացրել Ադրբեջանում:

 

 Հայկական կողմը մշտապես հայտարարել է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին, ինչին ի պատասխան ստացել է թուրքական կողմի հստակ արձագանքը` նախապայմանների լեզվով` երկկողմ հարաբերությունները փոխկապակցելով ԼՂ հիմնահարցի հետ:

 

Նույն շարքից