Միջազգային 

Կորեայի Հյուսիսի և Հարավի միավորումը կարելի է իրականացնել դաշնության սկզբունքներով

ԿԺԴՀ-ի կառավարությունն առաջարկել է Հարավային Կորեային երկուստեք ձեռնարկել համալիր այնպիսի միջոցներ, որոնք կոչված են ճանապարհ բացել հաշտեցման և միասնության համար: Այդ մասին ասված է հրապարակված հայտարարության մեջ, որը տարածվել է ՑՏԱԿ լրատվական գործակալության կապուղիներով:

 

Փաստաթղթում նշվում է, որ Հյուսիսը և Հարավը պետք է  «ընդունելի և բոլոր կորեացիների շահերին համապատասխանող կոնկրետ առաջարկություններ ներկայացնեն հայրենիքի վերամիավորման ուղիների վերաբերյալ», որպեսզի երաշխավորեն գոյակցությունը, համատեղ բարգավաճումը և ընդհանուր շահերը:

 

Փենյանում ընդգծում են, որ միավորումը կարելի է իրականացնել դաշնության սկզբունքներով, ինչը ենթադրում է «երկու տարբեր սոցիալական համակարգերի ու գաղափարախոսությունների գոյությունը»: Այս խնդիրն իրագործելու համար ԿԺԴՀ-ի իշխանություններն առաջարկում են «հրաժարվել առճակատումից ու թշնամանքից, վերջ դնել արտաքին ուժերից կախվածությանը, նպաստավոր մթնոլորտ ստեղծել Հյուսիսի և Հարավի միջև հարաբերությունների բարելավման համար»: Ընդսմին ԿԺԴՀ-ում կոչ են անում առաջնորդվել հունիսի 15-ի համատեղ հռչակագրով: Այդ փաստաթուղթն ստորագրվել է Կիմ դե Չժունի Փենյան կատարած այցի ընթացքում, որը 2000 թվականին զբաղեցնում էր Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնը և հանդիպում է ունեցել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Իրի հետ: ԿԺԴՀ-ում այն կարծիքին են, որ այդ փաստաթուղթը «պատմական ուղենիշ է հայրենիքի միավորման հասնելու ճանապարհին»:

 

Դրա հետ մեկտեղ ԿԺԴՀ-ի կառավարությունը նախազգուշացրել է, որ միջկորեական հարաբերությունները հասել են այնպիսի ցածր մակարդակի, երբ «անզգույշ մի արտահայտություն կամ գործողություն կարող է վտանգավոր հակամարտության ու ավերածությունների հասցնել Կորեական թերակղզում»: «Ուստի կորեական ազգին անհրաժեշտ է միավորել իր ջանքերն ու իմաստնությունը ընդհանուր ուղեգիծ մշակելու համար»,- ընդգծվում է հայտարարության մեջ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից