Միջազգային 

Իրանը չի հրաժարվի միջուկային տեխնոլոգիաներ ստեղծելու իր իրավունքից. Լարիջանի

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի անդամների առջև ունեցած իր ելույթում հայտարարել է, որ Թեհրանը կշարունակի պաշտպանել իր իրավունքը միջուկային տեխնոլոգիաների ստեղծման բնագավառում, տեղեկացնում է IRNA գործակալությանը:

 

«Մենք ամուր ենք կանգնած մեր օրինական իրավունքների պաշտպանության դիրքերում: Արտաքին ճնշումն ու սպառնալիքները միայն էլ ավելի ուժեղացրին իրանական ազգին»,- գործակալությունը մեջբերել է Լարիջանիի խոսքը: Քաղաքական գործիչը նաև հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունն այսուհետև էլ չի հրաժարվի միջուկային տեխնոլոգիաների մշակման իր իրավունքից:

 

Լարիջանիի կարծիքով՝ Թեհրանը Արևմուտքի երկրների հետ բանակցություններում երբեք չի հատել ու չի հատի «կարմիր գիծը»:

 

Հուլիսի 2-ին Վիեննայում մեկնարկել է միջազգային միջնորդների «վեցյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) և Թեհրանի բանակցությունների հերթական լիաֆորմատ փուլը: Իրանի պատվիրակությունը գլխավորում է հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Բանակցությունների նպատակը իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության կարգավորման վերաբերյալ համապարփակ համաձայնագրի մշակումն է:

 

Պլանավորվում է, որ Թեհրանի միջուկային ծրագրի  շուրջ բանակցությունների եզրափակիչ փուլը կտևի մինչև հուլիսի 20-ը՝ ժամկետ, որի ընթացքում կողմերը ձգտում են համաձայնություն կնքել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի երաշխիքների մասին՝ երկրի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները չեղարկելու դիմաց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից