Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանում ստեղծված ճգնաժամի դեմ պայքարելու համար, ինչը պայմանավորված է ներգաղթյալների, մասնավորապես, անչափահասների աննախադեպ հոսքով, անհրաժեշտ է 3,7 մլրդ դոլար: Հուլիսի 8-ին ԱՄՆ-ի Կոնգրեսից այս գումարն է խնդրել նախագահ Բարաք Օբաման:
Ներկայացուցիչների պալատի խոսնակին հղած իր նամակում պետության ղեկավարը հիշեցրել է երկրի հարավարևմտյան սահմանին ստեղծված ծանր հումանիտար իրադրության մասին: Ինչպես հավաստիացրել է Օբաման, այդ փողերը կօգտագործվեն գաղթականների արտաքսման, նոր աշխատակիցների ներգրավման, ինչպես նաև մեծ թվով անչափահաս անօթևան գաղթականների հետ կապված խնդիրները լուծելու համար:
Անցյալ տարվա հոկտեմբերից սահմանում բռնել են 52 հազար անչափահաս լատինամերիկացիների՝ մեծ մասամբ Հոնդուրասից, Գվատեմալայից և Սալվադորից: Նրանցից շատերը պահվում են սահմանի հատուկ կետերում: Իշխանությունները ջանում են նրանց համար ապահովել նվազագույն կենսապայմաններ, ինչը, սակայն, ավելի ու ավելի է դժվարանում: