Միջազգային 

Հալեպում հայ է զոհվել

Հալեպի Ազիզիե թաղամասում հուլիսի 10-ին հրասանդներ ընկնելու պատճառով հայ է զոհվել: Զոհվածը 1963թ. ծնված Գոգո Մկրյանն է: Նրա հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հուլիսի 11-ին Սիրիայի ժամանակով 12:00-ին հայ առաքելական Սբ Աստվածածին եկեղեցում:

 

 

Ավելի վաղ՝ հուլիսի 8-ին, Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում գազի տակառների ընկնելու պատճառով վիրավորվել էին Արփի և Գոհար Կույումջյանները, Նվեր Գրտանյանը և Հռիփ Ղազարյանը: Բարեբախտաբար, նրանց վիճակը մտահոգիչ չէ: Ամենամեծ պայթյունները որոտացել են Նոր Գյուղի օդային զինուժի կենտրոնի շրջանում, «Կիլիկիա» շենքի դիմաց և «Արևելք» տպարանի մերձակայքում:

 

 

Վերջին երկու ամիսների ընթացքում Հալեպում տասնյակից ավելի հայեր են զոհվել և վիրավորվել: Սիրիական հակամարտության 3-ից ավելի տարիների ընթացքում զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: Մասնավորապես հունիսի առաջին օրերից սկսած՝ Հալեպում և հատկապես հայկական Նոր Գյուղ թաղամասում իրավիճակը կտրուկ վատացել է: Ահաբեկիչ խմբավորումների հարձակումների հետևանքով Նոր Գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին անբնակելի են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգելու կարիք ունեն: Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետալի շրջան է, ամայացած ու ավերակ: Նոր Գյուղը և հալեպահայությունը կործանման վտանգի առջև են կանգնել ...

 

 

Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնել ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման:

 

Նույն շարքից