Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը «վեցյակի» երկրների արտաքին գործերի նախարարներին հրավիրել է Վիեննա, որպեսզի նրանց հետ քննարկի Իրանի հետ ընթացող բանակցությունները: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Էշթոնի մամուլի քարտուղար Մայքլ Մենը:
«Էշթոնը հրավիրել է «վեցյակի» արտաքին գործերի նախարարներին ժամանել Վիեննա՝ քննարկելու թե բանակցությունների որ փուլում ենք մենք գտնվում»,- գրել է նա:
Հուլիսի 2-ից Վիեննայում ընթանում է միջազգային միջնորդների «վեցյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան և Չինաստան) և Իրանի բանակցությունների երկրորդ փուլը, որը նվիրված է իրանական միջուկային հիմնախնդրի համապարփակ կարգավորմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: