Միացյալ Նահանագները պատրաստ է օգնություն ցուցաբերել Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի ենթակառուցվածքի վերականգնման գործում, որը վնասվել է մարտական գործողությունների հետևանքով: Այդ մասին հղում անելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությանը, հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Պյոտր Պորոշենկոյի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
Իր հերթին, ինչպես հաղորդել է Սպիտակ տունը, Պորոշենկոն Միացյալ նահանգներին տեղեկացրել է, որ Լուգանսկի և Դոնեցկի մարզերում գործող աշխարհազորայինների հետ երկխոսություն հաստատելու բոլոր փորձերն առայժմ արդյունք չեն տվել:
«Փոխնախագահը ողջունել է հրադադարի, ինչպես նաև նախագահ Պորոշենկոյի խաղաղ ծրագրի կատարման «ճանապարհային քարտեզի» շուրջ բանակցություններ անցկացնելու Ուկրաինայի շարունակվող փորձերը»,- նշել է Սպիտակ տունը:
Բայդենը նաև իր զրուցակցին հայտնել է, որ ԱՄՆ-ը «միջազգային հանրակցության իր գործընկերների հետ քննարկում է այն բանի անհրաժեշտությունը, որ Ռուսաստանը գին վճարի աշխարհազորայիններին իր շարունակվող աջակցության», այդ թվում՝ «սահմանով ծանր սպառազինությունների և հանդերձանքի մատակարարումների» համար:
ԱՄՆ-ի փոխնախագահը և Ուկրաինայի նախագահը համաձայնել են, որ ԵԱՀԿ-ի դիտորդները հնարավորինս արագ պետք է տեղաբաշխվեն ռուս-ուկրաինական սահմանում, իսկ հետագայում նրանց առաքելությունը «կարող է ընդլայնվել հրադադարի նկատմամբ հսկողություն իրականացնելու համար», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: