Հյուսիսային Իրաքի քրդական վարչակազմը (իրաքյան Քրդստան) Բաղդադի հետ խզել է իր բոլոր կապերն այն բանից հետո, երբ Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին քրդական վարչակազմին մեղադրել է իսլամիստ մարտիկներին պաշտպանելու մեջ: Այս մասին հայտնում է թուրքական «Միլիեթ» թերթը:
Իր հերթին, Էրբիլը (իրաքյան Քրդստանի մայրաքաղաքը) Բաղդադից հետ է կանչել իր բոլոր դիվանագետներին, ովքեր քրդական ինքնավարությունը ներկայացնում են Իրաքի կառավարությունում:
Իր հասցեին արված այդ մեղադրանքներից հետո իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանին Ալ Մալիքիին բռնապետ է անվանել: Բարզանին Իրաքի վարչապետին նամակ է հղել, որում քննադատել է նրան հետևյալ խոսքերով. «Իրաքի ապագան վտանգողները իրաքցիներին մի նոր բռնապետական վարչակարգի են ենթարկում»:
Նամակում Բարզանին նշել է, որ իրենք դեմ են, որ Նուրի ալ Մալիքին երրորդ ժամկետով ևս զբաղեցնի Իրաքի վարչապետի պաշտոնը:
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կոչված ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքի որոշ հյուսիսային շրջաններում «Իսլամական պետություն» հռչակելուց հետո Էրբիլը հայտարարել է մոտ ժամանակում ինքնավարությունում անկախության հանրաքվե անցկացնլու մասին: Մինչ այդ, քրդական ինքնավարության զինված ուժերն իրենց վերահսկողության տակ են առել նավթով հարուստ Քիրքուկ քաղաքը, որը մինչ այդ լքել էր Իրաքի բանակը, և վտանգ կար, որ այն կարող են զավթել իսլամիստները:
Ուշագրավ է, որ համացանցում արդեն հայտնվել է անկախ Քրդստանի ազգային փոխարժեքի նմուշների լուսանկարները: Քրդական Rudaw լրատվական կայքը հայտնել է, որ Քրդստանի ազգային փողի միավորն արդեն հայտնի է, և այն շրջանառության մեջ կդրվի անկախ պետություն հռչակվելուց անմիաջապես հետո: