ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Աֆղանստան կատարած իր այցի ընթացքում կասկած Է հայտնել երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների օրինականության հարցում՝ դրա հետ մեկտեղ հույս հայտնելով, որ նախագահի թեկնածուների միջև վեճերը կլուծվեն: Այդ մասին հուլիսի 11-ին հայտնել Է Reuters գործակալությունը:
«Ընտրությունների լեգիտիմությունը մազից Է կախված: Մենք բոլորս հուսով ենք, որ կգտնվի առկա բոլոր հարցերին պատասխանելու, մարդկանց կասկածները փարատելու և երկրի ապագան որոշելու հնարավորություն»,-հայտարարել Է Քերին, հավելելով, որ ներկա իրադրությունը շատ բարդ պահ Է Աֆղանստանի համար:
Հուլիսի 7-ին Աֆղանստանում հայտարարվել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթանակ Է տարել ֆինանսների նախկին նախարար Ղանի Ահմադզայը: Սակայն մյուս թեկնածուն՝ արտաքին գործերի նախկին նախարար Աբդուլա Աբդուլան, հայտարարել Է ընտրությունների համատարած կեղծումների մասին և պնդում Է, որ հաղթողն ինքն Է: Նա նաև հայտնել Է իր կառավարությունը կազմելու մտադրության մասին՝ չնայած հայտարարված արդյունքներին: Ընտրությունների արդյունքների շուրջ տարաձայնությունների պատճառով շարունակվող քաղաքական ճգնաժամն սպառնում Է վերածվել բացահայտ դիմակայության:
ԱՄՆ-ի պետքարտուղարը Քաբուլ Է ժամանել հուլիսի լույս 11-ի գիշերը: Հաղորդվում Է, որ այցի ընթացքում նա հանդիպում կանցկացնի Աֆղանստանի նախագահի պաշտոնի թեկնածուների, ինչպես նաև պետության գործող ղեկավար Համիդ Քարզայի հետ: