Միջազգային 

Բելառուսը Ադրբեջանին երկու «Ստիլետ» զենիթահրթիռային համակարգ է վաճառել

Բելառուսական «Տետրաէդր» ընկերությունը, որն զբաղվում է սպառազինության հեռանկարային ռադիոէլեկտրոնային համակարգերի ստեղծմամբ և հակաօդային պաշտպանության միջոցների արդիականացմամբ, արդեն Ադրբեջանին է վաճառել երկու «Ստիլետ» տեսակի զենիթահրթիռային համակարգեր:

 

«Տետրաէդր» ընկերության բաժնի վարիչ Իգոր Նովիկովը բելառուս լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջան երկու «Ստիլետ» համակարգեր են առաքվել, իսկ այժմ կատարվում է երկու խոշոր պատվեր: Նրա խոսքով` ընկերությունը նաև դադարեցրել է նոր զենիթային հրթիռի մշակման գծով Կիևի «Լուչ» կոնստրուկտորական բյուրոյի հետ համագործակցությունը:

 

«Ադրբեջան առաքվել է «Ստիլետ» տեսակի զենիթահրթիռային երկու համակարգ, իսկ այժմ այդ երկրի համար ավելի խոշոր պատվեր է կատարվում», -ասել է Նովիկը` նշելով, որ իրենք պատրաստ են «Ստիլետ» համակարգեր մատակարարել նաև այլ երկրներ:

 

Տ38 «Ստիլետ»-ը բելառուսաուկրաինական ավտոմատացված զորային զենիթահրթիռային համակարգ է: Այն գործում է եղանակային բոլոր պայմաններում և նշանակված է առավելագույն չափով ցածր, ցածր և միջին բարձրությունների վրա ժամանակակից և հեռանկարային միջոցների օդային հարձակումից ցամաքային զորքերի ստորաբաժանումները, արդյունաբերական և ռազմական օբյեկտները պաշտպանելու համար:

 

Նույն շարքից