Միջազգային 

Շարունակվում են Իրանի և «վեցնյակի» ներկայացուցիչների բանակցությունները

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Իրանի և «վեցյակի» երկրների նախարարական հանդիպման ավարտից հետո մնացել է Վիեննայում. ենթադրվում է, որ հուլիսի 14-ին նա երկկողմ հանդիպումներ կանցկացնի Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի և Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի հետ:

 

«Լավ քննարկումներ են եղել: Մենք աշխատում ենք»,- ասել է Քերին լրագրողներին:

 

Ավստրիայի ԱԳ նախարարությանը մոտ կանգնած աղբյուրի տվյալներով՝ հուլիսի 14-ին սպասվում են Քերիի նոր երկկողմ հանդիպումները Էշթոնի և Զարիֆի հետ: Վիեննայում է մնում նաև ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, որը գլխավորում է Ռուսաստանի պատվիրակությունը «վեցյակի» և Իրանի բանակցություններում:

 

Էշթոնը, որը համակարգում է «վեցյակի» գործողությունները, ամփոփելով հուլիսի 13-ին կայացած հանդիպման արդյունքները, իր մամուլի քարտուղարի միջոցով գոհունակություն է հայտնել տեղի ունեցած զրույցների կապակցությամբ: «Էշթոնը շատ գոհ է Վիեննայում նախարարների հանդիպումից»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նրա մամուլի քարտուղար Մայքլ Մենը: «Վեցյակը» միասնական է մնում համընդհանուր կարգավորման հասնելու իր նպատակադրման մեջ»,- հավելել է նա:

 

Իրանի ԱԳ նախարար Զարիֆը լրագրողներին հայտարարել է, որ իր երկրի պատվիրակությունը պատրաստ է «ամբողջ թափով առաջ շարժվել» մինչև հուլիսի 20-ը մնացած յոթ օրվա ընթացքում: Մինչ այդ ժամկետը «վեցյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան և Չինաստան) ներկայացուցիչները մտադիր են մշակել համաձայնագիր, որը կերաշխավորի իրանական միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը և Իսլամական Հանրապետության դեմ սահմանված բոլոր միջազգային պատժամիջոցների աստիճանական չեղարկումը:

 

Բոլոր նախարարները լրագրողներին հայտարարել են, որ բանակցությունների ժամկետը երկարաձգելու մասին առայժմ չի խոսվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից