Միջազգային 

Անգելա Մերկելը բացառել է վաղաժամկետ պաշտոնաթողության հնարավորությունը

analitik.am

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հերքել է իր վաղաժամկետ պաշտոնաթողության վերաբերյալ ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը: «Օրենքով նշանակված ընթացիկ շրջանի ընթացքում լավ աշխատելու ցանկություն կա, իսկ հետո կտեսնենք»,- հայտարարել է նա ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

Մերկելի վաղաժամկետ պաշտոնաթողության մասին ավելի վաղ հաղորդել էր Spiegel հանդեսը՝ հղում անելով ԳՖՀ-ի կուսակցական ու կառավարական շրջանակների աղբյուրների: Մերկելի 60-ամյակին նվիրված հոդվածում նշվել է, որ նրա ողջ շրջապատը, ներառյալ նախարարների կաբինետի անդամները և Քրիստոնյա-դեմոկրատական միությունից կուսակիցները, համոզված է, որ Մերկելը կամավոր կթողնի կանցլերի պաշտոնը:

 

Ինչպես գրել է Spiegel-ը, այժմ Մերկելը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականից, գտնվում է քաղաքական կարիերայի բարձրակետին: Նրա ղեկավարությամբ Գերմանիան հաջողությամբ վերապրել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամը և դրան հաջորդած եվրոգոտու պարտքային ճգնաժամը:

 

Վաղաժամկետ պաշտոնաթողության օգնությամբ Մերկելը, ըստ հրատարակության տեղեկատվության, հույս ունի խուսափել իր նախորդների՝ կանցլերներ Կոնրադ Ադենաուերի և Հելմուտ Կոլի ճակատագիրը կրկնելուց: Նրանցից առաջինն այդ պաշտոնը լքել է ներկուսակցական հակամարտության արդյունքում, իսկ երկրորդը ընտրություններում կրած պարտության հետևանքով:

 

Նույն շարքից