Միջազգային 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքվեարկի Սիրիայի հումանիտար իրադրությանը վերաբերող բանաձևի նախագծի շուրջ

analitik.am

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 14-ին կքվեարկի այն բանաձևի նախագծի շուրջը, որը նպատակամղված է Սիրիայի հումանիտար իրադրության բարելավմանը:

 

Փաստաթուղթը թույլատրում է այլ պետությունների տարածքից օգնության ուղղակի մատակարարումները երկրին, ինչպես նաև նախատեսում է դիտորդական առաքելության ստեղծում, որը կստուգի հումանիտար բեռները:

 

«Քվեարկությունը կկայանա կեսօրին (Երևանի ժամանակով՝ ժամը 20:00-ին)»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանի աղբյուրը:

 

Ապագա բանաձևի տեքստի շուրջ բանակցությունները շարունակվել են մի քանի շաբաթ: Վերջնական տարբերակը հուլիսի 11-ին ԱԽ-ի անդամների շրջանում տարածվել է երեք համահեղինակների՝ Ավստրալիայի, Լյուքսեմբուրգի և Հորդանանի կողմից: Փաստաթղթի ընդունման համար պահանջվում է, որ այն պաշտպանեն 15 երկրներից ինը՝ պայմանով, որ ԱԽ-ի հինգ մշտական անդամներից (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) ոչ մեկը չի օգտվի վետոյի իրավունքից:

 

Բանաձևը շատերի կողմից դիտվում է որպես Սիրիայի հումանիտար իրադրության բարելավման վերջին հույսը: ՄԱԿ-ի տվյալներով՝ պարենամթերքի, բուժօգնության և առաջին անհրաժեշտության իրերի կարիքն ունեցողների թիվն այդ երկրում մոտենում է 11 միլիոնի, որոնց զգալի մասին հումանիտար աշխատակիցներին չի հաջողվում հասնել մարտերի պատճառով: Երկրի շուրջ 6,5 մլն բնակիչներ դարձել են ներքին վերաբնակներ, ևս 2,9 միլիոնը՝ փախստականներ:-

 

Նույն շարքից