Միջազգային 

ԵԱՀԿ-ն պատրաստ է դիտարկում սկսել Ուկրաինայում

analitik.am

ԵԱՀԿ-ն պատրաստ է ձեռնամուխ լինել Ուկրաինայում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ դիտարկում իրականացնելուն, հենց որ համապատասխան քաղաքական որոշում կայացվի: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերը: Նրա խոսքով՝ կազմակերպությունը նաև կարող է «միջնորդական դեր խաղալ գերիների աղատման հարցում»:

 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Լավրովի և Կլիմկինի հետ կայացած բանակցություններում նա ընդգծել է Ուկրաինայի արևելյան տարածաշրջաններում աշխարհազորի ներկայացուցիչների մասնակցությամբ շփման խմբի աշխատանքի կարևորությունը հրադադարի շուրջ համաձայնության հասնելու նպատակով:

 

«Բուրկհալտերը կոչ է արել այլևս ժամանակ չկորցնել, հաշվի առնելով, որ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունն արդեն մի քանի օր զբաղվում է տեսախորհրդաժողովի նախապատրաստմամբ»,- հաղորդել է ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունը:

 

Ինչպես հաղորդել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը, Պյոտր Պորոշենկոն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախօրյակին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԵԱՀԿ-ի առաքելության աշխատակիցներին ռուս-ուկրաինական սահմանի իրադրության մոնիթորինգում ներգրավելու հնարավորությունը:

 

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարությունը հաղորդել է, որ Մոսկվան, չսպասելով Ուկրաինայի հարավ-արևելքում հրադադարի ռեժիմի հաստատմանը, ԵԱՀԿ-ի դիտորդներին հրավիրել է Ուկրաինայի հետ սահմանի «Գուկովո» և «Դոնեցկ» անցակետեր: Համապատասխան նամակը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ուղարկել է ԵԱՀԿ-ի գործող նախագահին: «Միաժամանակ Ռուսաստանը ԵԱՀԿ-ին ներկայացնում է կազմակերպության մշտական խորհրդի որոշման նախագիծ դիտորդների տեղաբաշխման մասին: Ակնկալում ենք, որ այդ փաստաթուղթը հավանության կարժանանա ամենակարճ ժամկետում»,- ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

 

Նույն շարքից