Միջազգային 

Մարգվելաշվիլին պահանջել է բացահայտել Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպանի սպանությունը

analitik.am

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «ահավոր սպանություն» է որակել Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան, «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հիմնադիր Էրոսի Կիցմարիշվիլիի զոհվելը և պահանջել է ամենակարճ ժամկետում բացահայտել այն:

 

«Ցանկանում եմ այդ ողբերգական փաստի կապակցությամբ ցավակցություն հայտնել պարոն Էրոսիի ընտանիքին ու մերձավորներին: Դա անպայմանորեն պետք է հետաքննվի ամենակարճ ժամկետում, այդ ահավոր սպանությանը պետք է պատասխան տրվի»,- ասել է Մարգվելաշվիլին:

 

Կիցմարիշվիլիի դին Թբիլիսիի կենտրոնում նրա տան ստորգետնյա ավտոտնակում գտնվող ավտոմեքենայում հայտնաբերել են նրա թիկնապահները, որոնք ոստիկանություն են կանչել: Դատախազությունը հայտարարել է, որ պատահարի վայրում հայտնաբերվել է հրազեն, որը Կիցմարիշվիլին գրանցել էր մահվան օրը: Հետաքննության սկզբնական վարկած էր նշվել ինքնասպանությունը:

 

Կիցմարիշվիլիի մերձավորները կասկածի տակ են առել այդ վարկածը՝ հայտարարելով, որ օրվա ընթացքում խոսել են նրա հետ: Կիցմարիշվիլին նորմալ տրամադրություն է ունեցել և ակտիվորեն քննարկել է մոտ ապագայի պլանները:

 

Ներկայում, ինչպես հայտնել է դատախազությունը, քրեական գործ է հարուցված Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը): Մինչդեռ հետաքաննությունն ուսումնասիրում է բոլոր վարկածները, հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն:

 

Նույն շարքից