Տնտեսություն 

Նոր Հայաստանում Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգը» 25 անգամ ավելի քիչ հարկ է վճարել

«168 ժամը» գրում է. «Պետեկամուտների կոմիտեն վերջապես հրապարակեց այս տարվա առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը։ Ցանկում ընդգրկված կազմակերպությունների վճարներն ավելացել են։ Սակայն այնպես չէ, որ դրանից, հարկային մուտքերի հետ կապված՝ տարօրինակությունները պակասել են։

Առաջին եռամսյակում, ըստ Պետեկամուտների կոմիտեի հրապարակման, 1000 խոշոր հարկատուները վճարել են ընդհանուր առմամբ 212,2 մլրդ դրամի հարկ։ Այն 33,6 միլիարդով ավելի է նախորդ տարվանից։ Աճը հասնում է գրեթե 19 տոկոսի, ինչն անխոս բարձր, նույնիսկ ռեկորդային ցուցանիշ է։

Թե ընդամենը 6,5 տոկոս տնտեսական ակտիվության պայմաններում ինչպե՞ս է հաջողվել նման բարձր աճ ապահովել, հավանաբար պետք է հարցնել ՊԵԿ-ին։ Եթե դա իսկապես ստվերի կրճատման հաշվին է, անշուշտ, ողջունելի է։ Բայց եթե հարկային մարմինները դրան հասել են հայտնի ու անհայտ եղանակներով, ապա միայն պետք է մտահոգվել։ Հատկապես որ, այդպես մտածելու համար որոշակի հիմքեր կան։ Վերջին շրջանում Պետեկամուտների կոմիտեի հրապարակումներում ավելի հաճախ են տեղ գտնում բացասական նշանով մուտքերը։ Մինչև հիմա խոշոր հարկատուների ցանկում այդպիսի բան չէր հանդիպել։ Բայց հիմա արդեն հանդիպում է։

Ասենք` ինչպե՞ս հասկանալ, որ «Տրանսգազ» ընկերության շահութահարկի վճարն առաջին եռամսյակում կազմել է -22,9 մլն դրամ։ Կամ՝ ինչպե՞ս է լինում, որ նոր իշխանությունների հետ սերտ հարաբերություններ հաստատած, այլևս նախկին օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սիթի» ընկերությունը եկամտային հարկի գծով առաջին եռամսյակում կատարել է -986 մլն դրամի պարտավորություն։ Հիմա սա ի՞նչ է նշանակում` Ս.Ալեքսանյա՞նն է բյուջեին պարտք մնացել, թե՞ հակառակը։

Իհարկե, խոշորների ցանկում դա այս գործարարի հետ կապված միակ հետաքրքիր դրվագը չէ։

Այսպես, անցած տարվա առաջին եռամսյակում ավելի քան 3,3 մլրդ դրամի հարկային պարտավորություն կատարած Ս. Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգն» այս տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել ընդամենը 132,4 մլն դրամ։ Այլ կերպ ասած` 25 անգամ ավելի քիչ։ Առաջին հայացքից՝ գուցե զարմանալի է, բայց այդպես է։

Այդպես է, որովհետև նոր Հայաստանում գործարարը որոշել է հարկերի վճարումը ներկայացնել նորովի` ոչ թե մեկ, այլ մի քանի կազմակերպության անվամբ։ Որ Ս.Ալեքսանյանը նախկինում էլ հաճախ էր իր տնտեսական գործունեությունն անընդհատ մեկ կազմակերպությունից տեղափոխում մեկ այլ, նորություն չէ։ Հասկանալի է, որ դա ինքնանպատակ չէ»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

  • 89
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    91
    Shares

Նույն շարքից