Տնտեսություն 

Կառավարությունը ձևը գտել է ներկրվող ցեմենտը 10 օր հետո հարկելու համար

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Տնտեսական զարգացումների և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ նախագծով ներկրվող ցեմենտի համար 14 հազար պետական տուրք է սահմանվում՝ առաջին ընթերցման ժամանակ ընդունված 22 հազար դրամի փոխարեն, իսկ կլինկերի համար տուրք չի սահմանվելու:

Նախարար Խաչատրյանը նշեց, որ նախագծի մասով մեկ բաց թողում է տեղի ունեցել, հաշվի չեն առել այն, որ Հարկային օրենսգրքում էլ փոփոխություն կատարելու կարիք կա, դրա համար փաթեթը լրացվել է այնպիսի նոր նախագծով, որը բովանդակային առումով ոչինչ չի փոխում, բայց ծավալային առումով լրացուցիչ նախագիծ է ներառում:

Նշենք, որ Հարկային օրենսգրքով վատթարացնող նորմը պետք է կիրառվի ընդունումից 6 ամիս անց, իսկ այս դեպքում կառավարությունը ցանկանում է օրենքը կիրառել արդեն 10 օր հետո: Քանի որ սրանով խախտվում է Հարկային օրենսգիրքը, կառավարությունը լրացուցիչ փոփոխություն է նախաձեռնում, որպեսզի վատթարցնող նորմը կիրառվի ոչ թե 6 ամիս հետո, այլ՝ 10 օր:

ԼՀԿ-ական պատգամավոր Մանե Թանդիլյանը սրան վատ է վերաբերվում: Թանդիլյանի խոսքերով, կառավարությունն այսպիսով գնում է հարցի լուծման վատագույն տարբերակով՝ մրցակցությունը խաթարելու ճանապարհը գերադասվում է տեղական արտադրողին աջակցելու ճանապարհից. «Փոխանակ հնարավորություն ստեղծեք, որ տեղական արտադրողը մրցունակ լինի՝ դրա համար տալով արտոնություններ, նախընտրեցիք մրցակցությունը խաթարելը: Այս ամենի մեջ ամենաանհանգստացնողը Հարկային օրենսգրքի լավագույն դրույթի փոփոխելն է: 6 ամիս ժամկետը փոփոխում ենք, ինչը նշանակում է, որ ցանկացած պատգամավոր կարող է նախաձեռնությամբ հանդես գալ, պետական տուրք կամ հարկ ավելացնել ու այդ փոփոխությունն ուժի մեջ կմտնի հենց հաջորդ օրը: Սա անթույլատրելի է: Չեմ էլ կարողանում հասկանալ, թե ինչպես է այն հարակից օրենքով ընդունվում: Սա շատ վատ լուծման ճանապարհ է: Մնում է ուրախանալ, որ երրորդ ընթերցում չկա, թե չէ կարող էինք Սահմանադրություն փոխել»:

Նույն շարքից