Սպորտ 

CONIFA. Արցախի հավաքականը հաղթել է մեկնարկային խաղում

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում ավարտվել է Արցախ-Սապմի ֆուտբոլային խաղը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` խաղն ավարտվել է 3-2 հաշվով` հօգուտ Արցախի:

Արցախի հավաքականի գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանն ասել է, որ շատ գոհ է խաղի արդյունքից:

«Թիմի խաղը հուսալի պաշտպանում էին ու գրոհներն էլ կազմակերպում էին շատ հետաքրքիր: Խաղի ընթացքում լարվածություն ստեղծեց պատահական գոլը, սակայն դա չխանգարեց, որպեսզի մեր թիմը հաղթի:

Շնորհակալություն տղաներին, որ մինչև վերջ դիմացան: Մենք վաստակել ենք առաջին կարևոր 3 միավորը: Մեր տղաներին միշտ ասում ենք, որ մեզ համար եզրափակիչ է առաջին և վերջին խաղը: Քայլ առ քայլ փորձելու ենք մոտենալ հաղթանակին»,- նշել է Ս. Գաբրիելյանը:

Իր խոսքում Արցախի հավաքականի 20 համարի ֆուտբոլիստ, առաջին գոլի հեղինակ Նորիկ Մկրտչյանն ասել է, որ շատ անսպասելի էր և միաժամանակ ոգևորիչ առաջին գոլը խաղի մեկնարկի հենց առաջին րոպեներին:

«Դժվար խաղ ստացվեց, սակայն մենք շարունակում ենք առաջ գնալ մինչև հաղթանակ: Հուսով եմ` ֆինալում կհայտնվեն ուժեղագույն թիմերը, և հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու իրական ֆուտբոլային տոնը: Շնորհավորում և հաջողություն եմ մաղթում բոլոր թիմերին»,- ավելացրել է Ն. Մկրտչյանը:

Արցախ-Սապմի ֆուտբոլային խաղին ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, հյուրեր և այլք:

Նույն շարքից