IT 

Լրատվական ագրեգատոր ԶԼՄ-ների համար՝ Facebook-ում

Facebook սոցիալական ցանցը հինգշաբթի հայտարարել է FB Newswire նոր ծառայության ստեղծման մասին, որի օգնությամբ լրագրողներն ու մեդիաները կարող են սոցցանցից ընտրել իրենց հետաքրքրող նորությունները, գրում է ria.ru-ն:

 

«Ամեն օր Facebook-ում լուրեր են հայտնվում։ Միլիոնից ավելի մարդիկ օգտագործում են մեր սոցիալական ցանցը տեղեկատվություն կիսելու և աշխարհի տարբեր անկյուններում ամենանշանակալի իրադարձություններին մասնակցելու համար: Լրագրողները և մեդիառեսուրսներն արդեն Facebook-ի անբաժանելի մասն են դարձել»,- հայտարարել է մեդիագործընկերությունների գծով Facebook-ի տնօրեն Էնդի Միթչելը:

 

FB Newswire-ը կաշխատի լրատվական ագրեգատորի սկզբունքով. ծառայությունը սոցցանցում գրանցված անհատներից և կազմակերպություններից կհավաքի հանրային հասանելիությամբ բովանդակությունը, ինչը կարող է պոտենցիալ հետաքրքրություն ներկայացնել լրագրողների համար:

 

FB Newswire-ում տեղադրված տեղեկատվությունը կներառի լուսանկարներ, տեսանյութեր, կարգավիճակի թարմացումներ՝ մասնավորապես հանրային նշանակություն ունեցող իրադարձությունների՝ բողոքի ակցիաների, ընտրությունների, մարզական իրադարձությունների ամենակենտրոնում գտնվող մարդկանցից:

 

Նոր ծառայությունը հասանելի է ոչ միայն Facebook-ում (Facebook.com/FBNewswire), այլև Twitter-ում (@FBNewswire):
Նախագծում Facebook-ի գործընկերն է դարձել Storyful ընկերությունը, որի տեխնոլոգիաներն օգտագործվում են ծառայությունում։

Նույն շարքից