Տնտեսություն 

Ստեփանավանում բացվել է նորարարական «խելացի» անասնաշենք

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում մասնակցել է նորարարական փորձացուցադրական «խելացի» անասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը:

Միջոցառմանը ներկա էին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, Ավստրիական զարգացման գործակալության (ADA) ծրագրերի ղեկավար Նորա Ալանակյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը, ֆերմերներ և այլ հյուրեր:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` փոխնախարար Արտակ Քամալյանը կարևորել է նման անասնաշենքերի կառուցումը և հույս հայտնել, որ այս անասնաշենքն իր նորարարական լուծումներով օրինակ կծառայի մյուս ֆերմերների համար:

Ծրագրի ղեկավար Նազելի Գրիգորյանն իր հերթին նշել է, որ անասնաշենքի ներքին հագեցվածության պայմաններն ու կենդանիների համար հատկացված տարածքները համապատասխանում են միջազգային ստանդարտների պահանջներին: Նա նաև հավելել է, որ կենդանիների համար ստեղծված պայմանները բարենպաստ են կաթնատվության և մսատվության բարձրացման, իսկ ներդրված տեխնոլոգիաները` ֆինանսական միջոցների տնտեսման համար:

Անասնաշենքը կառուցվել է Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և CARD հիմնադրամի կողմից իրականացվող «Կենդանիների առողջության կառավարում Հայաստանում և Վրաստանում, փուլ 2-րդ» ծրագրի շրջանակներում: Այն կառուցված է ջերմոցային կոնստրուկցիաների հիմքի վրա, ինչը հանդիսանում է ինովացիոն մեթոդ Հայաստանում: Նորարարություն է նաև այստեղ ներդրված հովացման, օդափոխության, լուսավորության և կենդանիների տեսահսկման հեռակառավարման համակարգը, ինչը թույլ է տալիս ապահովել կառույցի վերահսկում մեծ հեռավորության վրա:

Նախագիծը մշակված է կենդանիների ազատ պահվածքի համար, ներկա պահին այստեղ կան արհեստական սերմնավորմամբ տեղական ցեղատեսակներից ստացված 12 գլուխ խառնացեղ էգ մատղաշներ:

Թեև հստակ հաշվարկներ դեռևս չեն իրականացվել, թե որքանով արդյունավետ կլինի այս նորարարական անասնաշենքի գործարկումը, սեփականատեր Արմեն Ջաղինյանը վստահ է, որ այն կգործի առավել արդյունավետ, քան ավանդական անասնաշենքերը:

«Մեր քաղաքականության նպատակը ինովացիոն գյուղատնտեսության զարգացումն է: Միայն այն կարող է դարձնել Հայաստանի արտադրանքը մրցունակ և հասցնել ոլորտը հաջողությունների», - նշել է փոխնախարարը:

Միաժամանակ Արտակ Քամալյանը հիշեցրել է, որ ներկայումս ընթացքի մեջ է «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակում պլանավորված 30 հայտի դիմաց արդեն իսկ ստացվել է 100-ից ավել մասնակցության հայտ հանրապետության տարբեր մարզերից:

«Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի շրջանակում պետությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում իրականացրած շահառուների ծախսերը 50, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների համար՝ 70 տոկոսով։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից