IT 

Չինաստանում iPhone-ը համարվում է ազգային անվտանգությանը սպառնացող սարք

analitik.am

Չինական  պետական ԶԼՄ-ները Apple-ի սմարթֆոն iPhone-ն անվանել են ազգային անվտանգությանը սպառնացող սարք՝ որպես հիմք բերելով վերջինիս օգտատերերի տեղաշարժմանը հետևելու  կարողությունները:  Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:


CCTV հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժի ժամանակ քննադատվել է iPhone-ի   «Frequent Locations» գործառույթը: Եթե այն ակտիվ է, ապա այն ֆիքսում է օգտատերի գտնվելու վայրը և տվյալ վայրում գտնվելու ժամանակը:

 

Սմարթֆոնը հիշում է այն վայրերը, որտեղ հաճախ այցելում է օգտատերը, ինչի արդյունքում iPhone-ը կարող է հստակ որոշել օգտատիրոջ բնակության հասցեն, աշխատավայրը, ռեստորանները և բոլոր այն վայրերը, որտեղ օգտատերը սիրում է ժամանակ անցկացնել:   


«Սրանք շատ անձնական տվյալներ են», - նշել է հրավիրված փորձագետը: Նրա խոսքով, այս տվյալների բազային մուտքի հնարավորություն ունենալու դեպքում, կարելի է պարզել ինչպես  երկրի տնտեսական վիճակը, այնպես էլ «բացահայտել երկրի պետական գաղտնիքները»: Apple-ի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել այս հայտարարությունը:  


Apple ընկերությունն արդեն մի քանի անգամ քննադատվել է չինական ԶԼՄ-ների կողմից՝ նախկինում մեղադրում էին ընկերությանը ԱՄՆ հատուկ ծառայություններին տվյալներ տրամադրելու համար:  


 

Սակայն Apple-ը միակ տեխնոլոգիական ընկերությունը չէ, որ չինական շուկայում նման դժվարությունների է հանդիպում: Չինաստանում մշտապես արգելվում է Google-ը, արգելված են Facebook և  Twitter սոցցանցերը, իսկ պետական կառույցներին արգելված է օգտագործել Microsoft-ի Windows 8 օպերացիոն համակարգով աշխատող նոր համակարգիչներ օգտագործելը:

 

 

Նույն շարքից