IT 

ՀՀ տեխնոլոգիական ոլորտի 39 թիմեր կմասնակցեն դրամաշնորհային մրցույթի

analitik.am

Տեխնոլոգիական ոլորտի 39 թիմեր և ընկերություններ Երևանից, Գյումրիից ու Վանաձորից այսօր և վաղը կներկայացնեն իրենց բիզնես գաղափարներն ու նորարար լուծումները՝ համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում հաղթելու համար։



Միջոցառման կազմակերպիչն է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ: Մրցույթին բացման խոսքով ներկայացավ Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ով կոչ արեց մասնակցել մրցույթին և շնորհակալություն հայտնեց նախագծեր ներկայացնողներին:

 

 

Նա հայտնեց, որ գնահատող հանձնաժողովը կազմված է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, «Գրանտուս վենչուրային հիմնադրամի»  մասնավոր հատվածի ներկայացուցիչներից:



Մրցույթի նպատակն է աջակցել նոր լուծումների, արտադրանքի, ծառայությունների կամ գործընթացների ադապտացմանը, բարելավմանը և զարգացմանը, նպաստել նոր տեխնոլոգիաներով աշխատող ընկերությունների ստեղծմանն ամբողջ Հայաստանում հատկապես նպաստելով տեխնոլոգիական ոլորտում կենսունակ ձեռնարկությունների զարգացմանը Գյումրիում և Վանաձորում:


 

Այսպիսով` նորարարության զարգացման, Գյումրու և Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհների երկրորդ փուլին մասնակցության հայտ էին ներկայացրել 55 ընկերություն և թիմ, որոնցից 39-ը գնահատող հանձնաժողովի կողմից հնարավորություն է ստացել մասնակցելու ներկայացումների փուլին:



Դրամաշնորհի շրջանակում նախագծեր իրականացնելու համար հեղինակները կստանան 50 տոկոս համաֆինանսավորում, իսկ Գյումրիում և Վանաձորում իրականցվող նախագծերը՝ 85 տոկոս: Դրամաշնորհի գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է նվազագույնը 10 000  ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը 50 000 ԱՄՆ դոլար:

 

Ներկայումս հայտարարված է նաև մրցույթի 2-րդ փուլը և մասնակցել ցանկացողները կարող են հայտ ներկայացնել մինչև ապրիլի 17-ը:



Այսօր իրենց նախագծերը ներկայացրեցին Երևանի մասնակիցները, իսկ վաղը՝ Վանաձորի և Գյումրիի: Նրանք 5 րոպեի շրջանակներում ներկայացնում էին, թե ինչ է իրենից ներկայացնում իրենց նախագիծը և պատասխանում էին ժյուրի հարցերին:

 

Նույն շարքից