Տնտեսություն 

Նախարարների և այլ պաշտոնյաների աշխատավարձերը «կկոմպենսացնեն» հավելավճարների միջոցով. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին հաճախ է խոսվում նախարարների, պատգամավորների և այլ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հնարավորությունների մասին՝ կապված նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ:

Իշխանական պատգամավորները արագորեն արձագանքեցին՝ շեշտելով նվազագույն և բազային աշխատավարձերի տարբերության, ինչպես նաև դրանց տոկոսային հարաբերակցության մասին:

Ըստ այդմ, հայտարարվեց, որ պատգամավորների ու նախարարների աշխատավարձերը չեն բարձրանա: «Փաստ» թերթի տեղեկություններով, մասնավորաբար գործադիրում այս հարցին լուծում տալու համար որոշում է կայացվել և ներքին կարգով հանձնարարվել է ոչ թե ուղղակի բարձրացնել նախարարների, փոխնախարարների ու մի քանի կատեգորիայի այլ պաշտոնյաների աշխատավարձերը, այլ «կոմպենսացնել» հավելավճարների միջոցով:

Ի դեպ՝ երեկ տեղեկություններ ստացանք, որ մի քանի նախարարություններում պարգևավճարների հետ կապված խուլ դժգոհություններ են առաջացել: Բանն այն է, որ, ըստ մեր աղբյուրների, որոշ նախարարությունների ոչ բոլոր աշխատակիցներին է նախատեսված եղել տրամադրել պարգևավճար, այլ ընդամենը որոշակի «մերձավոր ու հավատարիմ» շրջանակի:

Սակայն դժգոհություններից հետո, ինչպես ասում են, «վերջին պահին» պարգևավճարների ցուցակներում անհրաժեշտ փոփոխություններ են կատարվել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից