Ադրբեջանում քննարկումների է թեմա է դարձել երկրի առաջնորդ Իլհամ Ալիևի հուլիսի 14-ին Իտալիա կատարած այցը, որի անհրաժեշտությունն ադրբեջանական հասարակության կողմից չի ընկալվում:
Այցի ընթացքում, որը Բաքուն «պաշտոնական» է որակել, Իտալիայի իր գործընկեր Ջորջո Նապոլիտանոյի հետ հանդիպման ժամանակ Ալիևը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում համագործության մակարդակից:
Ալիևն կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունները` Եվրամիություն-Ադրբեջան համագործակցության տեսակետից, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի նախագահության շրջանում Եվրամիության ժամանակավոր նախագահող երկիր Իտալիայի հետ կարծիքների համադրումը: Երկու երկրների նախագահները քննարկել են էներգետիկայի ոլորտին վերաբերվող հարցեր:
Այցի հետ կապված «Ազադլգ»-ը գրում է, թե փորձագետները գտնում են, որ Իլհամ Ալիևի Իտալիա կատարած այցը պատահական չէ: Այդ երկիրն Ադրբեջանի ամենամեծ տնտեսական գործընկերն է, և Բաքվի ու Հռոմի միջև ջերմ հարաբերություններ են տիրում:
«Իտալիան ներկայում Եվրամիության նախագահն է: Եվրոպայի հետ Ադրբեջանի միջև հարաբերությունները փոքր ինչ սառն են: Ալիևն աշխատում է Եվրոպայի հետ հարաբերությունները նորմալացնելու համար օգտվել Իտալիայի միջնորդությունից», - նշել է թերթը` հավելելով, որ այդ այցն ու Հռոմում էներգակիրների վերաբերյալ քննարկված հարցերը ցույց են տալիս, որ Իլհամ Ալիևը ցանկանում է խուսափել Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունից:
Ադրբեջանցի քաղաքական փորձագետ Ռահիմ Հաջիևն էլ գտնում է, որ ներկա իրավիճակում ոչ մի լոբբիստական գործունեություն, քաղաքական գործողություն Ադրբեջանում ժողովրդավարական բարեփոխումների անհրաժշետության հետ կապված միջազգային խաղացողների որոշումը չի կարող փոխել:
«ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահությունը որոշակի իմաստով ձևական բնույթ է կրում: Եվրոպական կառույցում նախագահող երկիրը պետք է կատարի Եվրամիության որոշումները: Բոլոր որոշումներն ընդունվում են Բրյուսելում և վերահսկվում Բրյուսելի կողմից: Այդ պատճառով էլ Իտալիայի հետ Ալիևի համագարծակցությունը այդ հարցում չի կարող կարևոր դեր խաղալ», -ասել է Հաջիևը:
Փորձագետը նաև հավալել է, որ Ալիևին չի փրկի նաև էներգակիրների գործոնը, քանի որ Եվրոպայի պատմական փորձը ցույց է տալիս, որ ավտորիտար երկրների հետ կայուն և երկարարժամկետ համագործակցությունը հնարավոր չէ: «Այդ պատճառով, Ադրբեջանի իշխանության որևէ լոբբիստական գործունեություն չի կարող այս գործընթացում շրջադարձ ստեղծել և Ադրբեջանի հետ կապված որոշումն արդեն տրված է», -ասել է նա: