Ստամբուլում Եշիլքյոյ թաղամասի լատինական կաթոլիկ եկեղեցու վրա տեղի ունեցած հարձակումից հետո հանցագործներին հայտնաբերել չկարողացած ոստիկանները որոշել են կիրակի օրերին հերթապահություն կազմակերպել Բաըրքյոյի շրջանում գտնվող բոլոր եկեղեցիների մոտ: Նման ցուցում անվտանգության մարմիններին տվել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչը:
Նշվում է, որ եկեղեցու վրա ահաբեկիչների հարձակումը տեղի էր ունեցել այնտեղ ասորիների մկրտության արարողության ժամանակ: Միջադեպից հետո Արինչը զանգահարել է Բեյօղլուի ասորական սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի նախագահ Սայիդ Մուսինին և խոստացել, որ միջոցներ կձեռնարկվեն` հետագայում նման հարձակումներից խուսափելու համար:
Ասորական եկեղեցու վրա հարձակումը Ստամբուլում տեղի էր ունեցել հունիսի 15-ին: Դաշույններով զինված 8 հոգիանոց ավազակախումբը ներխուժել էր եկեղեցի և «Քրիստոնյաներին արմատախի՛լ ենք անելու» վանկարկումներով ահաբեկել այնտեղ գտնվող մարդկանց:
Եկեղեցու շուրջը դրված տեսանկարահանող սարքերը գրանցել են հանցագործների հարձակման ընթացքը, սակայն թուրքական իրավապահ մարմինները մինչև օրս չեն հայտնաբերել ահաբեկիչներին: