Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է, որ Մոսկվան առավելագույն ջանքեր կգործադրի, որպեսզի Ուկրաինայում հակամարտությունը ռազմական փուլից անցնի խաղաղ բանակցությունների: Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նա հայտարարել է հուլիսի 21-ին Դոնեցկի մարզում տեղի ունեցածի վերաբերյալ իր պաշտոնական ուղերձում:
Նրա խոսքով՝ Boeing-ի կործանումից կարելի էր խուսափել, եթե հունիսի 28-ին չվերսկսվեին մարտական գործողություններն Ուկրաինայի արևելքում: «Մենք քանիցս կոչ ենք արել հակամարտող կողմերին՝ անհապաղ դադարեցնել արյունահեղությունը և նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է Պուտինը:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի ողբերգությունն օգտագործել «նեղ շահադիտական քաղաքական նպատակների» հասնելու համար: «Հարկավոր է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր պատասխանատու են տարածաշրջանի իրադրության համար, բարձրացնեն իրենց պատասխանատվությունը թե իրենց ժողովրդի, թե այն երկրների ժողովուրդների առջև, որոնց ներկայացուցիչներն այդ ավիաաղետի զոհ են դարձել»,- հայտարարել է ՌԴ-ի նախագահը:
Պուտինը նաև հանդես է եկել հօգուտ այն բանի, որ աղետի վայրում աշխատի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) փորձագետների խումբը: Հակամարտության կողմերը, նրա խոսքով, պետք է բոլոր ջանքերը գործադրեն «նրա լիակատար, բացարձակ անվտանգության ապահովման համար»: