Հայաստանի ջրօգտագործողների ընկերություններում նորից պարտք է կուտակվել` ավելի քան 4 միլիարդ դրամ, որը կմարի պետությունը. կառավարությունը նման որոշում է կայացրել:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է իրականացնում ջրօգտագործողների ընկերություններում, և ամփոփվել են Արմավիր, Էջմիածին, Արտաշատ և Արարատ ջրօգտագործողների ընկերությունների մասով ուսումնասիրությունները և դրանց արդյունքները ներկայացվել են ՀՀ վարչապետին։
Ընդհանուր գումարային արտահայտությամբ խախտումները կազմել են շուրջ 3,6 մլրդ դրամ։
«Արտաշատ» և «Արմավիր» ՋՕԸ-ի մասով հայտնաբերված խախտումները կազմում են ավելի քան 2,6 մլրդ դրամ։
Ուսումնասիրությամբ պարզվել են, որ խորքային հորերի և պոմպակայանների կողմից փաստացի ծախսված էլ. էներգիայի պայմաններում խորքային հորերի և պոմպակայանների իրական արտադրողականության հիման վրա կատարված հաշվարկի արդյունքում ընկերության կողմից մատակարարված ջրի դիմաց տարեկան հասույթը պակաս է ցույց տրվել, որը ֆինանսավորվել է ՀՀ պետական բյուջեից։
Պարզվել է, որ Ջրային համակարգում առկա տվյալները՝ արտադրողականությունները և հզորությունները, պակաս չափով են մուտքագրված, հետևաբար՝ նույն չափով ծախսված էլ․էներգիայի պայմաններում ցույց է տրվել ավելի քիչ չափով մատակարարված ոռոգման ջուր, սակայն կարելի է փաստել, որ ջուրը մղվել է, դրա դիմաց հասույթը գանձվել է, սակայն չի արտացոլվել հաշվետվություններում:
Միևնույն ժամանակ, ուսումնասիրություն իրականացնող խմբի կողմից ընկերության սպասարկման տարածքում հայտնաբերվել են մշակվող հողատարածքներ, որոնք փաստացի ոռոգվել են, սակայն ՋՕԸ-ի հետ չեն ունեցել համապատասխան պայմանագրեր։ Հետևաբար, կարելի է պնդել, որ ոռոգման ջուրը մղվել է, սակայն դրա դիմաց հասույթը չի արտացոլվել Ջրային համակարգում։
Յուրաքանչյուր ՋՕԸ-ի համար սահմանված են ջրի կորուստների ընդունելի մակարդակներ, սակայն արձանագրվել են դեպքեր, երբ ընկերության կողմից ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները գերազանցվել են։
Ընկերությունը ոռոգման համար անհրաժեշտ ջուրը ձեռք է բերում խորանարդ մետրի հաշվարկներով, իսկ իրացումը կամ ջրտուքն իրականացնում է հեկտարի հաշվարկով։ Տվյալ դեպքում ստացվում է անհամադրելի հաշվարկներ և անհնարին է դառնում հաշվարկել տնտեսական գործունեության իրական արդյունքները։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ոռոգման համար մատակարարված ջրի դիմաց ջրօգտագործողներն ունեն մեծ պարտքեր, որոնք ջուրն օգտագործել են, սակայն վճարումներ չեն կատարել և Ջրային համակարգում առկա են պարտքեր։
Պարզվել է, որ նույն հողատարածքի ոռոգման համար տարբեր տարիների համար օգտագործվել է տարբեր ծավալի ջուր, ինչը ոչ իրատեսական է։ Արդյունքում, ստացվում է, որ ոռոգման ջրի դիմաց հասույթն ամբողջությամբ չի արտացոլվել։ Առանց համապատասխան ջրային թույլտվությունների ձկնաբուծական տնտեսությունների շահագործում։ Այդ մասով, վերջիններիս կողմից ջրի մատակարարումն իրականացվում է ՋՕԸ-երի կողմից, որի դիմաց վճարվում է միայն սպասարկման գումար։
Բացի այդ, ՋՕԸ-երի կողմից կատարվել են հիմնական միջոցների դուրս գրումներ, որոնց վերաբերյալ բացակայում են դուրս գրման ակտերը։
Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքները ուղարկվել են ՀՀ դատախազություն:
Նշենք, որ 3.6 մլրդ դրամի խախտումը միայն 4 ՋՕԸ-ում է, նախկինում գործում էր 44 ՋՕԸ, այժմ՝ 15:
Գոհար Ստեփանյան