Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հուլիսի 28-ին հանդիպել է Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի ղեկավարության հետ` Նգույեն Տհայ Յեն Հունգի գլխավորությամբ: Յեն Հունգը ծանոթացրել է դեսպանին ակադեմիայի հիմնադրման պատմությանը, կառուցվածքին, հաստատության գիտական և հետազոտական գործունեությանը, դիվանագիտական կադրերի պատրաստման գործընթացին, ինչպես նաև նրանից տեղեկացավ Հայաստանի դիվանագիտական դպրոցի գործունեության մասին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են միջազգային հարաբերությունների մի շարք արդիական խնդիրների, քաղաքագիտության և դիվանագիտության ուսումնասիրման առանձնահատկություններին, կադրերի պատրաստմանն առնչվող հարցերի, քննարկել են Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի և Հայաստանի դիվանագիտական դպրոցի միջև համագործակցության հնարավորությունը:
Դեսպան Վարդանյանը Յեն Հունգին տեղեկացրել է նաև խորհրդային շրջանում երկու երկրների միջև կրթության ոլորտում եղած հաջող համագործակցության մասին և հույս հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի վերականգնել և ավելի խորացնել երկխոսությունը այդ ոլորտում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել երկու հաստատությունների, ինչպես նաև ՀՀ այլ բուհերի համապատասխան ֆակուլտետների հետ` փորձի փոխանակման, ուսանողների փոխայցելությունների, ինչպես նաև գիտաժողովների կազմակերպման ուղղությամբ: Յեն Հունգը դեսպան Վարդանյանին հրավիրել է դասախոսությամբ հանդես գալու ակադեմիայում հայ-վիետնամական, հայ-ֆիլիպինյան հարաբերությունների, տարածաշրջանային քաղաքականության, ինչպես նաև, որպես փորձագետ, կոնֆլիկտների կարգավորման թեմաներով:
Հանդիպման ավարտին կողմերը գոհունակություն են հայտնել արդյունավետ քննարկման և սկսված երկխոսության առնչությամբ և պայմանավորվել շարունակել փոխգործակցությունը՝ նշված ծրագրերը կյանքի կոչելու համար: